Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովները ստորագրել են համատեղ հայտարարություն

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով 
զբաղվող հանձնաժողովները ստորագրել են համատեղ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը եւ Կնյազ Հասանովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն ամրագրված է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում:

Կողմերը երկու երկրների գործադիր մարմինների միջեւ շփումներից բացի կարեւորել են օրենսդիրների միջեւ սերտ համագործակցությունը, որը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է: Ընդգծվել է տարբեր ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես` երկու խորհրդարանների համանման հանձնաժողովների միջեւ փոխգործակցության սերտացումը: Այս համատեքստում կարեւորվել է կրթական բարեփոխումների հարցում լավագույն փորձի փոխանակումը, պատգամավորների մշտական շփումները, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը:

Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հանրակրթության, բարձրագույն եւ մասնագիտական կրթության ու գիտության ոլորտներում, երիտասարդության եւ դպրոցաշինության հարցերում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Վրացի գործընկերներին ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Քննարկվել են նաեւ ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման եւ հավաստագրման գործընթացների շրջանակում երկու երկրներում իրականացվող քայլերը:

Հանդիպման ավարտին Սիսակ Գաբրիելյանը եւ Գիվի Միքանաձեն երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության համատեղ հայտարարություն (կոմյունիկե) են ստորագրել: Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը եւ համագործակցելու նոր հնարավորություններ կընձեռի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am