Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական 
նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։

«Ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը գործընկեր-պետություններ է համարում Հայաստանին ու Վրաստանին։ Այցի կայացումն այս ժամանակահատվածում պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանի նկատմամբ նախապատրաստվում էր ադրբեջանական սադրանք, որը պետք է իրականացվեր Տավուշում լայնածավալ պատերազմի միջոցով և ծավալվեր մինչև Սյունիք՝ վերջնարդյունքում իրենց հռչակած «Զանգեզուրի միջանցքը» ստանալու նպատակով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայաստանյան այցն այդ համատեքստում ուներ ռազմավարական նշանակություն, քանի որ մեծ դուռ է բացել Հայաստանի համար ու նաև ցրեց կասկածներն այն հարցադրման առթիվ, թե ով մեզ կընդունի ՆԱՏՕ»,- ասաց քաղաքագետը։

Սիմոնյանը վկայակոչեց Ստոլտենբերգի դիրքորոշումը, որի համաձայն՝ վերջինս չմանևրեց կոնկրետ հարցին պատասխանելիս և չասաց, թե Հայաստանը դեռ պետք է ընթացակարգեր անցնի, որ Հայաստանի ներքին իրողությունները պետք է համապատասխանեն իրենց չափանիշներին, որ Հայաստանը պետք է կոնֆլիկտները հանգուցալուծած լինի, այլ նշեց, որ ՆԱՏՕ-ն ընդունելի կհամարի ՀՀ-ի լեգիտիմ իրավունքը, որը վերաբերում է այս կամ այն դաշինքում գտնվելու հարցը Հայաստանի որոշման տիրույթ տեղափոխելուն։

«Այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը մեզ համար բաց է և անդամակցության հարցը մեր որոշելիքն է։ Այստեղ խնդիրն արդեն մեր մեջ է, թե որքանով մենք կհասկանանք և ճիշտ քայլեր կիրագործենք մեր անվտանգային համակարգն առողջացնելու և կառուցակարգելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխանության կողմից Հայաստանի անվտանգության համակարգը դիվերսիֆիկացնելու փորձերին՝ Սիմոնյանն ընդգծեց, որ բացասաբար է վերաբերվում «դիվերսիֆիկացիա» տերմինին։  

«Դիվերսիֆիկացիան նշանակում է այն, որ պահպանելով եղածը՝ զուգահեռներ է տարվում մի շարք այլ անվտանգային համակարգերի միջև, մինչդեռ Հայաստանի անվտանգային համակարգն, ըստ էության, փշրվել է։ Ռազմաքաղաքական դաշինքում գտնվելը դեռ չի նշանակում, որ հիմա լիարժեք անվտանգային համակարգի մեջ ենք։ Դրանից պետք է ձերբազատվենք, որպեսզի մեր հնարավորությունների տիրույթներն ընդլայնվեն, հետևաբար Հայաստանն այս պահին ունի ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ նոր անվտանգային համակարգի կառուցակարգման գոյութենական հարց»,- ասաց Սիմոնյանը։

Խոսելով այն իրողության մասին, որ տարիներ առաջ ՆԱՏՕ-ի ևս երկու քարտուղարներ Սխեֆերն ու Ռասմուսենը այցելել էին Հայաստան, սակայն այդքան հուզականություն չէին առաջացրել, քաղաքագետն ասաց, որ այդ այցերն իրականացվել էին ՀՀ այն ժամանակվա իշխանությունների օրոք, որոնք խորը և համապարփակ ասոցացված էին ռուսական իրողությունների հետ։

«2020 թվականից հետո իրավիճակն արմատապես փոխվել է, ՌԴ քաղաքականությունը բացահայտվեց, ինչի արդյունքում ռուսական ազդեցությունը Հայաստանում գնալով կրճատվում է։ Այն ժամանակ անվտանգային համակարգի հետ կապված կային պատրանքներ, և տարածաշրջանը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտի։ Այսօր այդպես չէ, առավել ևս 2022 թվականից հետ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի համատեքստում բոլոր ազդեցության գոտիները վիճարկված են։ Հիմա նույնիսկ հումանիտար վստահության կապիտալն այլևս նախկին նշանակությունը չունի, հետևաբար Ռուսաստանում այդքան ցավագին են ընդունում Արևմուտքի կողմից օժանդակող քաղաքականությունը նախկին մետրոպալիաների հանդեպ։ Մենք պետք է հավասարարժեք գնահատենք այս հարցը, որովհետև Արևմուտքը մտնում է Կովկասյան լեռնաշղթայից դեպի հարավ ընկած տարածքներ, և Ռուսաստանը պետք է հաշվի նստի նոր իրողությունների հետ։ Մենք պետք է բարձրացնենք մեր իմունային համակարգը և լինենք ավելի դիմակայուն»,-պնդեց քաղաքագետը։

Սիմոնյանը համամիտ է ՀՀ վարչապետի հնչեցրած տեսակետի հետ, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների կամ մեր իսկ տարածաշրջանի դեմ։

«Այդ համագործակցությունը միտված է բացառապես պաշտպանական քաղաքականություն իրականացնելուն, այլ ոչ թե հարձակողական ամբիցիաներ կյանքի կոչելուն։ ՀՀ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի փոխադարձ շփումները չեն կարող հակադրվել Իրանի ռազմաքաղաքական շահերին, որոնք, ի դեպ, ոտնահարվեցին այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ին անդամակցեց Թուրքիան։ Բացի այդ, Հայաստանը կորցրեց իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որտեղ Թուրքիայի և Իսրայելի ներկայությունն Իրանի համար գոյութենական խնդիր է ստեղծել, մինչդեռ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի կարող սպառնալ ԻԻՀ-ին, առավել ևս չի կարող սպառնալիք լինել Ռուսաստանի համար, որովհետև այդ երկիրը խնդիր ունի Արևելյան Եվրոպայում, այլ ոչ թե Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում։ Հարցն առնչվում է ներկա լինելուն, կամ չլինելուն։ Սխալ ռազմավարության հետևանքով Ռուսաստանը կարող է և ներկա չլինել մեր տարածաշրջանում»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am