Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մարտի 6-ին ընդունել է իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգին, որից հաջողությամբ օգտվել են նաև իրանական կազմակերպությունները։

Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, մասնավորապես՝ առողջապահական, մարզական կառույցների, դպրոցների, մանկապարտեզների կառուցմանը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է նաև Հայաստանում շինարարական նյութերի արտադրություն հիմնելու գաղափարը՝ հաշվի առնելով հատկապես մետաղական կոնստրուկցիաների մեծ պահանջարկն ու կիրառության ընդլայնումը։

«BLUE&P Group»-ի տնօրեն Մանսուր Սաիդին ընդգծել է ընկերության հետաքրքրվածությունը Հայաստանի քաղաքաշինության ոլորտով։ Նա տեղեկացրել է, որ վեց դուստր ձեռնարկություն ներառող «BLUE&P Group»-ը գործունեություն է ծավալում տասնյակից ավելի երկրներում։ Հայաստանում մինչ այժմ իրականացրել է առավելապես էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ։ Ընկերությունը մտադրված է ակտիվորեն մասնակցել այլ ուղղություններով քաղաքաշինական առաջիկա ծրագրերին, որոնց իրագործման նպատակով պատրաստ է Իրանից ներգրավել ինչպես մասնագիտական ներուժ, այնպես էլ շինարարական տեխնիկա, սարքավորում և շինարարական նյութեր։

Նշվում է, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու նախանշված ուղղություններով համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում