Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը. ՆԳ նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը. ՆԳ 
նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը:

«ՆԳ նախարարն անդրադարձել է Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգին՝ նշելով, որ համակարգի միջոցով հետընդունման հայցեր ներկայումս ստացվում են ԵՄ 15 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության 16 երկրամասերի՝ միգրացիոն հարցերով զբաղվող մարմիններից։

Վահե Ղազարյանը ներկայացրել է 120 ապաստան հայցողների համար Հայաստանում նոր կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքները, նաև այդ ուղղությամբ աջակցության համար շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ Եվրոպական Միությանը՝ ինչպես Ներքին գործերի նախարարության ստեղծմանը նախորդող, այնպես էլ կայացման ու զարգացման հաջորդող ժամանակահատվածներում ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Վահե Ղազարյանը կարևորել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները՝ մասնավորապես, ընդգծելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետ կապված պայմանավորվածությունները։

«Պատվիրակության ղեկավար Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել այցի նպատակը։

Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և նշել, որ տպավորված է ներքին անվտանգության ոլորտի արագ և արդյունավետ բարեփոխումներով»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ նախարարությունից։

Նշվում է, որ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, ինտեգրման, հետընդունման և վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարությունում, մասնավորապես, Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում ընթացող բարեփոխումներին։
Ներկայացվել են նաև իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am