Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ազատությունից զրկված կանանց 
վերարտադրողական առողջության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման վերաբերյալ քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ներկայացվել են փորձագետների կողմից իրականացված «Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությունն ու վերարտադրողական իրավունքը ՀՀ-ում» ուսումնասիրության արդյունքները։

Ըստ աղբյուրի՝ բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ կանանց, մասնավորապես, ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ «Այս թեմայի վերաբերյալ քիչ ուսումնասիրություններն էին նաև պատճառը, որ մենք նախաձեռնեցինք նշված հետազոտության իրականացումն ու այս քննարկումը՝ ընդգրկելով  բոլոր շահագրգիռ կողմերին՝ միջազգային գործընկերներ, պետական իրավասու մարմիններ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից են։ Այս համատեքստում ընդգծում եմ իմ հանձնառությունը` հնարավոր բոլոր գործիքակազմերով աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը»։

Պաշտպանը խնդիրների հաղթահարման տեսանկյունից կարևորել է պետության դերակատարությունը` ևս մեկ անգամ շեշտելով, որ թեև կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում կան էական փոփոխություններ և զարգացումներ, բայց մի շարք առանցքային հարցեր շարունակում են մնալ չլուծված։

Նշվում է, որ հետազոտության շրջանակում, խնդիրների վերհանման նպատակով, փորձագետների կողմից  իրականացվել են այցեր «Աբովյան» ՔԿՀ, անց են կացվել առանձնազրույցներ ինչպես այնտեղ գտնվող ազատությունից զրկված անձանց, այնպես էլ՝ բժշկական ստորաբաժանման բժիշկների, փորձագետների և այլ աշխատակիցների հետ։ Վեր են հանվել գործնականում հանդիպող հիմնական խնդիրները, վեր են լուծվել առկա իրավական կարգավորումները, մարտահրավերները և ներկայացվել են հնարավոր լուծումներ՝ ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի արդյունավետ իրացման առնչությամբ։ Արդյունքում, ներկայացվել է 18 առաջարկություն, որից 3-ը՝ օրենսդրական բնույթի, 15-ը՝ կազմակերպչական։

«Մասնավորապես,

ազատությունից զրկված կանայք չպետք է որևէ սահմանափակման ենթարկվեն վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի համատեքստում;

հղի կանայք, կերակրող մայրերը և երեխա խնամող կանայք ունեն հատուկ պաշտպանության կարիք;

անհրաժեշտ է «Աբովյան» ՔԿՀ-ում հղի կամ իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց համար միջազգային պահանջներին համապատասխանող միջավայր և պահման առանձնահատուկ պայմաններ ստեղծել՝ խաղահրապարակ և կանաչապատ զբոսաբակ;

շատ կարևոր է նաև բժիշկների համար առանձին աշխատասենյակներ ունենալը, ինչը կապահովի բժշկական գաղտնիքի պահպանումը և զերծ կպահի ազատությունից զրկված կանանց անհարկի ուշադրությունից;

ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ վարչակազմի, բժշկական անձնակազմի և ընտանիքի անդամների համար անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել դասընթացներ վերարտադրողական առողջության տարբեր հիմնահարցերի շուրջ՝ ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հաստատել է իր հանձնառությունը՝ մանդատի շրջանակում, ամբողջ ծավալով աջակցելու վեր հանված խնդիրների լուծմանը։

Ուսումնասիրությունը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈԻՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am