Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պիտի մոտենանք Թումանյանի գծած կատարելության սահմաններին. Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանը շուքով կտոնի նրա 155-ամյակը

Պիտի մոտենանք Թումանյանի գծած կատարելության սահմաններին. Ամենայն 
հայոց բանաստեղծի թանգարանը շուքով կտոնի նրա 155-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակը, որը նշվում է փետրվարի 19-ին, գրողի թանգարանը տոնելու է բազմաբնույթ միջոցառումներով, որոնք ևս մեկ անգամ կնպաստեն Թումանյան մարդու, Թումանյան ստեղծագործողի հանրահռչակմանը:

«Ճամփորդ հոգին» խորագրով միջոցառումների շրջանակում նախատեսվում են ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր, որոնք անցկացվելու են մեծ գրողի թանգարանի մատույցներում և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն թանգարանում, որտեղ ժամանակավոր գործում է Թումանյանի թանգարանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանն ընդգծում է, որ ամբողջ օրվա ընթացքում թանգարանի հիմնական՝ Մոսկովյան 40 հասցեում հնչելու են Թումանյանի ստեղծագործությունները, իսկ 20:30-ից ցուցադրվելու են թանգարանի ստեղծած ֆիլմերը:

«Շատ հետաքրքիր է «Ճամփորդ հոգին» ցուցադրությունը, որում արտացոլվում է Թումանյանի և Մաթևոսյանի ճամփորդական պատմությունը: Այն ժամադրություն է երկու մեծերի հետ: Փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանի 89-ամյակն էր, մենք հիմա գործում ենք Մաթևոսյանի անվան կենտրոնում, ուստի որոշեցինք մեկ ցուցադրությամբ անդրադառնալ երկու մեծ գրողներին»,-պատմում է Ղարախանյանը և հավելում՝ հաջորդ կարևոր իրադարձությունը բացօթյա համերգն է, որին ելույթ են ունենալու «Գեղարդ» երգեցիկ խումբը, «Ethno Colors» բենդը:

Համերգին «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն թանգարանի կտուրին լուսային էֆեկտներով և անիմացիոն  լուծումներով ներկայացվելու է Թումանյանի թանգարանի գլխավոր շենքը: Տպավորություն է ստեղծվելու, թե Թումանյանի ճամփորդ հոգին իջնում է ներքև և իր ստեղծագործություններն ընթերցում: Միջոցառումը կմեկնարկի 20:30-ին:

Թումանյանի թանգարանը մի քանի ամիս է՝ գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում վերանորոգման աշխատանքների պատճառով: Այնտեղ են տեղափոխել Թումանյանի հյուրասենյակի կահույքը և այլ ցուցանմուշներ:

Ղարախանյանի խոսքով՝ կենտրոնը փոքր է և հնարավոր չէր բոլոր ցուցանմուշներն այնտեղ ներկայացնել, սակայն էքսկուրսիաներ կազմակերպվում են:

Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել 2026 թվականի առաջին եռամսյակում: «Այժմ քանդման գործընթացն է իրականանում, իսկ մայիսին սկսվելու են շինարարական աշխատանքները: Շենքի ետնամասում ավելանալու են աշխատասենյակներ, բացօթյա սրճարան, գրադարան-սրճարան: Շատ հետաքրքիր նախագիծ է, որին դեռ անդրադառնալու ենք»,-ասում է թանգարանի տնօրենը: 

Ղարախանյանը վերջերս է ստանձնել թանգարանի տնօրենի պարտականությունները: Կարծում է՝ թանգարանում բացեր չկան, պարզապես կան ծրագրեր, որոնք կարելի է իրագործել: Նա մտածում է վիրտուալ թանգարանի ստեղծման մասին: «Շենքում ցուցադրությունը կազմակերպելուց հետո կսկսենք վիրտուալ թանգարանի նախագիծը, իսկ 2025-ին միտված ենք ունենալ «Թանգարան անիվների վրա», որը շրջելու է սահմանային գյուղերով ու Թումանյան է քարոզելու մեծերին, փոքրերին: Այս նախագծերն են ավելանալու այն ահռելի աշխատանքին, որ մինչ օրս արվել է»,-շեշտում է նա: 

Լուսինե Ղարախանյանի հավաստիացմամբ՝ մարդը, հանրությունը, հասարակությունը, ազգը բարձրանում են, վեհանում են գրականությամբ, իսկ եթե գրականությունն ազդեցիկ է, ուժեղ է, ազգի պատկերը փոխվում է: 

«Կարևորում եմ Թումանյանի հանրահռչակումը, որպեսզի մարդիկ նույնականացվեն այդ հզոր կերպարի հետ, նրան իրենցը դարձնեն: Համոզված եղեք, որ Թումանյանը հոգեթերապիա է: Թումանյանի հետ առնչվելով՝ հաղորդակցվում ես մարդկային  լավագույն որակներին: Ինչքան շատ ես առնչվում Թումանյանին, այնքան նա քոնն է դառնում: Իմ նպատակն է որքան հնարավոր է հասցնել մարդկանց Թումանյանի կատարյալ կերպարը, որ մենք էլ մոտենանք կատարելության նրա գծած սահմաններին»,-եզրափակում է Լուսինե Ղարախանյանը:

 

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am