Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ավետիք Չալաբյանը 21:00-ին ազատ կարձակվի կալանքից. պաշտպան

Ավետիք Չալաբյանը 21:00-ին ազատ կարձակվի կալանքից. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չի հասցրել քննել «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը, ուստի այսօր՝ հուլիսի 27-ին, երեկոյան 21:00-ին, Չալաբյանը ազատ կարձակվի: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

«Կալանքի ժամկետը այսօր՝ 21:00-ին լրանում է, ու նոր որոշում չկա կալանքը երկարացնելու մասին, ուստի նա պետք է դուրս գա քրեակատարողական հիմնարկից», - հաղորդեց Չալաբյանի պաշտպանական խմբի անդամը:

Ուսանողներին քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ավելի քան երկու ամիս առաջ ձերբակալված և կալանավորված Չալաբյանի գործով դատական նիստը սկսվել էր հուլիսի 26-ին, սակայն քանի որ, ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի՝ դատարանը անտեսել էր պաշտպանական խմբի՝ գործին առնչվող մի քանի կարևոր հարցերի հետ կապված միջնորդությունները, պաշտպանական խումբը բոյկոտել էր դատական նիստը և ցուցադրաբար լքել էր նիստերի դահլիճը, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը ստիպված է եղել հետաձգել նիստը:

Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին, կալանավորված Ավետիք Չալաբյանի ինքնազգացողությունը վատացել էր, և բժիշկները թույլ չէին տվել նրան քրեակատարողական հիմնարկից մեկնել դատարան: Պաշտպանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը տաքություն և զարկերակային բարձր ճնշում է ունեցել: Հետո, երբ պաշտպան Վարազդատ Հարությունյանը գնացել է կալանավայր Չալաբյանին տեսակցելու, պարզվել է, որ նա արդեն երկու-երեք օր է՝ ունի ճնշման խնդիր, բայց չի ասել, որպեսզի մասնակցի դատական նիստերին: Սակայն այսօր, երբ նաև իր մարմնի ջերմությունն է բարձրացել, բժիշկները կտրականապես արգելել են նրան լքել քրեակատարողական հիմնարկը, և դատավորը ստիպված է եղել կրկին հետաձգել դատական նիստը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 29-ին:

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր 2022 թ. մայիսի 12-ին՝ Ագրարային համալսարանի ուսանողներին Հայաստանում քաղաքական ընդդիմության հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով: Մայիսի 14-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am