Մովսես Հակոբյանին չի մտահոգում Ադրբեջանի սպառազինությունը

Armenpress 12:08, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին չի մտահոգում Ադրբեջանի սպառազինությունը: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ՊԲ հրամանատարն ընդգծեց, որ սպառազինությունը դեռ ոչինչ չի նշանակում. հարկավոր է նաև զենքերը գործածելու կարողություն ունենալ: «Երբ պատերազմը սկսվեց ուժերի հարաբերակցությունը 1/20-ի էր, իսկ այսօր 1/2-ի: Մենք լավ սպառազինված ենք: Այն, ինչ Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, իհարկե, մեզ համար վատ է, սակայն վախեցնող չէ: Պատերազմի տարիներին էլ նրանք սպառազինվում էին, բայց մենք հաղթեցինք: Այնպես որ թող Ադրբեջանը շարունակի զենք գնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը:

ՊԲ հրամանատարն ընդգծում է, որ Ադրբեջանն այդքան ինքնաթիռներ է ձեռք բերում, մեծ քանակությամբ տանկեր, սակայն ռազմական գործողությունների ժամանակ դրանք չեն կարող արդյունավետ գործածել, քանի որ տարածքը որոշակի սպառազինություն է պահանջում, իսկ Ադրբեջանի մոտ ավելցուկ կա զենքերի: «Բացի այդ, նրանք այդ զենքերը օգտագործելու կարողություն էլ չունեն: Պատերազմը մեքենաների մրցավազք չէ, թե իմ «Ջիպ»-ը քո «Ջիպ»-ից լավն է, հարկավոր է ճիշտ մարտավարություն ունենալ: Սա արվեստ է, օպերատիվ արվեստ, որին պետք է տիրապետել: Եթե նրանց թվում է, որ սահմանին 1000 տանկ  ունենալով, կարող են ինչ-որ գործողություն իրականացնել, դա հնարավոր չէ, մենք շատ փոքր թվով էլ կարող ենք նրանց վնասազերծել» ,- ասաց ՊԲ հրամանատարը:

Անդրադառնալով բալիստիկ հրթիռներին, որոնց մասին Սոչիում կայացած հանդիպումից հետո հարցազրույցի ժամանակ  խոսել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մովսես Հակոբյանը նշեց, որ դրանք մնացել են դեռևս խորհրդային տարիներից,  նախկինում եղել են միջուկային հրթիռներ, հետագայում մարտագլուխները փոխվել են, սակայն դրանք շատ դիպուկ հրթիռներ են 300 կմ շառավիղ ունեցող: Միևնույն ժամանակ ՊԲ հրամանատարն ընդգծում է, որ սա դեռ բոլորը չէ և իրենք շարունակում են սպառազինվել, ինչի միակ նպատակն է՝ հասնել նրան, որ պատերազմ չսկսվի: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am