Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանում մեկնարկեց անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի թեմայով միջազգային խորհրդաժողովը

Երևանում մեկնարկեց անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ 
պայքարի թեմայով միջազգային խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում  մեկնարկեց «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան միջազգային  խորհրդաժողովը, որը կազմակերպել է ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ խորհրդաժողովի նպատակն է քննարկել կոռուպցիոն, տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների գործառույթների եվրոպական չափանիշները՝ խթանելով անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը:

Բարձրաստիճան խորհրդաժողովն իրականություն է դարձել  Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակներում:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երախտագիտություն հայտնելով  Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի գործընկերներին, որոնց  հետ սերտ համագործակցության արդյունքում կյանքի է կոչվել խորհրդաժողովը, ընդգծեց,  որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի հետ հատկապես վերջին տարիներին թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ:

«Մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում դատախազների մասնակցությամբ համատեղ միջոցառումներ են անցկացվել հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, դատախազական համակարգի անկախության, փողերի լվացման, կոռուպցիոն, ֆինանսական հանցագործությունների քննության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմաներով»,-ասաց Վարդապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ մեկնարկած  միջոցառումն իր արդյունավետությամբ մասնագիտական երկխոսության նոր՝ ավելի բարձր նշաձող կսահմանի և արդյունավետ հարթակ կդառնա ինչպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, այնպես էլ ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձման ոլորտներում երկրների փորձառության ու մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար:

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը մանրամասնեց, որ խորհրդաժողովը նպատակ է հետապնդում նախևառաջ քննարկել եվրոպական ստանդարտների, դատախազների դերը կոռուպցիայի, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես նաև կիսվել պրակտիկ աշխատողների միջև լուծումների և հմտությունների փորձով։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով բարձր մակարդակի խորհրդաժողովը, նշեց, որ կազմակերպիչները սերտ համագործակցել են՝ ամրացնելու  միջազգային համագործակցությունը, իրավունքի գերիշխանությունը Հայաստանում՝ եվրոպական ստանդարտների ներդրման միջոցով։

«Անդրազգային բնույթի հանցավորությունը գնալով ավելանում է։ Սա, իհարկե, գլոբալիզացիայի, թվայնացման, տեղաշարժի ազատության արդյունք է։ Սրանք բոլորը դրական երևույթներ են, բայց նաև ավելացնում են անդրազգային հանցավորության ռիսկերը։ Այս ամենը մի շարք մարտահրավերների է հանգեցնում՝ կապված նոր տեխնոլոգիաների, ֆինանսական հոսքերի հետ և, կարծում եմ, որ այն ծառայությունները, որոնք այստեղ են, այս հարցերը լուծելու համար պետք է լավ ռեսուրսներ, ցանցեր, անվտանգ հաղորդակցության հնարավորություններ ու սարքավորումներ ունենան, որոնք կօգնեն այդ գործում»,-ասաց Մարագոսը՝ շեշտելով միջազգային համագործակցության անփոխարինելի դերը  աշխատանքի արդյունավետության համար։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նույնպես կարևորեց համագոր­ծակցության նշանակությունը՝ անդրադառնալով արդեն իսկ ձեռք բերված հաջողություններին, որոնք նրա դիտարկմամբ, կարևոր են ապագա նախաձեռնությունների համար հիմք ստեղծելու գործում:

Միջազգային խորհրդաժողովի երկու հիմնական թեմատիկ նիստերի շրջանակներում անդրադարձ կկատարվի քրեական վարույթներով միջազգային համագործակցության ամրապնդմանը, առանձին գործերով մարտահրավերներին, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերին:

Միջոցառմանը մասնակցում են Լիտվայի  Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Յանա Զեզուլովան, դատախազության պատվիրակություններ՝ Ռումինիայից, Լյուքսեմբուրգից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հունաստանից,  Եվրոպայի խորհրդի, Եվրաջասթի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am