Տնտեսություն

Leasing EXPO 2026-ին ԱրարատԲանկը ներկայացնում է հատուկ առաջարկ՝ լիզինգի գրավիչ պայմաններով

4 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկն ապրիլի 10-ին Երևանում մեկնարկած Leasing EXPO 2026 ցուցահանդեսին ներկայացրեց վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։

ԱրարատԲանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Էդգար Ավագյանի խոսքով`այս տարի ևս ԱրարատԲանկը հանդես է գալիս հետաքրքիր՝ վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում շահավետ պայմաններով լիզինգների առաջարկով։

«Լիզինգները տրամադրվում են տեղադրվող արևային կայանների և այլ էլեկտրակայանների կառուցման, ընդլայնման և վերակառուցման համար։ Առաջարկն իրենից ներկայացնում է ՀՀ դրամով լիզինգներ, սկսած՝ 8,9 տոկոսից, որը սուբսիդավորման արդյունքում դառնում է 0,9 տոկոս»,- մանրամասնեց Էդգար Ավագյանը։

ԱրարատԲանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում շարունակում է նաև լիզինգի գրավիչ պայմաններով ծրագիրը՝ մինչև 35 տոկոս հետվճարի (cash back) հնարավորությամբ։ Ծրագիրը նախատեսված է նվազագույնը 6 ամիս արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց համար։

ԱրարատԲանկի կայուն ֆինանսական զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալի խորհրդական Աննա Ատովմյանը տեղեկացրեց, որ EU4BUSINESS ծրագրի շրջանակներում վարկավորման և լիզինգի ենթակա են այն բիզնեսները, որոնք իրականացնում են արտադրություն և մատակարարում են ծառայություններ։ Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ տրանսպորտային միջոցները, արևային վահանակները, մարտկոցները, կուտակիչները, սարքերը և սարքավորումները։

«35 տոկոս քեշբեքը բաղկացած է երկու մասից․ առաջին մասը՝ մինչև 15 տոկոսը, տրամադրվում է լիզինգի գումարի չափով, եթե լիզինգի առարկան տեղադրված է և կա նպատակային օգտագործում»,- նշեց նա։

Երկրորդ մասը՝ մինչև 20 տոկոս քեշբեքը, նախատեսված է ԼՂ-ից տեղահանվածների համար, եթե Լիզինգից օգտվել ցանկացող ընկերության հիմնադիրներից 50 և ավելի տոկոսը կազմում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ը տեղահանված անձինք։

Ըստ Աննա Ատովմյանի` այդ դեպքում ընկերությունը կարող է ստանալ մինչև 20 տոկոս քեշբեք։ Մինչև 15 տոկոս քեշբեք կարող են ստանալ այն ընկերությունները, որոնք ունեն ԼՂ-ից տեղահանված աշխատակիցներ, նվազագույնը աշխատակիցների 10 տոկոսի չափով կամ նվազագույնը 10 աշխատակից ունենալու դեպքում։

«ԱրարատԲանկի՝ GEFF ծրագրի շրջանակում երկրորդ ծրագիրը նույնպես միտված է կանաչ ներդրումներին, որտեղ կա էներգախնայողության և ռեսուրսախնայողության տարր, ամբողջությամբ պահպանվում են բնապահպանական կանոնները։ Այս դեպքում լիզինգի առարկայի մինչև 15 տոկոս քեշբեքը տրամադրվում է արևային վահանակների, մարտկոցների և կուտակիչների ձեռքբերման դեպքում և 10 տոկոսն՝ էլեկտրամեքենաների, էլեկտրական տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար»,-ներկայացրեց Աննա Ատովմյանը։

Մերիդիան էքսպո կենտրոնում Leasing EXPO 2026 ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը: ԱրարատԲանկի տաղավարում հաճախորդներին կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն վերականգնվող էներգիայի, էլեկտրակայանների կառուցման, վերակառուցման կամ ընդլայնման, ինչպես նաև էներգաարդյունավետ ներդրումների նախագծերի իրականացման նպատակով տրամադրվող լիզինգի վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում