5 րոպեի ընթերցում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը հերքել է տարբեր հարթակներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ավելի քան 200 դպրոց փակել։
ԿԳՄՍ փոխնախարարը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում։

«Տաբեր սոցիալական հարթակներում և լրատվական էջերում շրջանառվում է տեղեկատվություն ավելի քան 200 դպրոցների փակման մասին, ինչը, բնականաբար, ապատեղեկատվություն է։
Ընդհակառակը, բազմաթիվ գյուղերում իրականացվում են դպրոցաշինության, մանկապարտեզաշինության հսկայածավալ աշխատանքներ, ինչի ապացույցները յուրաքանչյուր ամիս տեսնում ենք նոր կառուցված կամ վերանորոգված դպրոցների ու մանկապարտեզների տեսքով։ Բնականաբար, դրանք փակելու ուղղությամբ որևէ խոսակցություն լինել չի կարող։ Մեր դպրոցական ֆոնդը և մանկապարտեզների շենքային ֆոնդը բավական մեծ մաշվածություն ունի՝ հաշվի առնելով, որ դրանք հիմնականում խորհրդային տարիներից պահպանված շենքեր են, և կառավարության կողմից սահմանված «500 դպրոց, 300 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում առանձնացվել են այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք առավել վատ վիճակում են գտնվում, ուստի ծրագրի այս շրջափուլում առավելապես կենտրոնացել ենք գյուղական բնակավայրերի դպրոցների վրա»,- ասաց Սվաջյանը։
Եթե երբեմն քաղաքային բնակավայրերի դպրոցներից բողոքներ են ստացվում, որ իրենց բավարար ուշադրություն չի դարձվում, ապա այդ հանգամանքն, ըստ Սվաջյանի, պայմանավորված է այն իրողությամբ, որ վերոհիշյալ ծրագրի առաջին շրջափուլում ավելի շատ ուշադրություն է հատկացվում գյուղական բնակավայրերին։
«Գյուղական բնակավայրերում արդեն ունենք դպրոցներ, որոնց շինարարությունն ավարտվել է, և դրանք հանձնվել են շահագործման։ Այդ դպրոցների ցանկերը պարբերաբար հրապարակում ենք և ունենք բավականին մեծ ծավալով ընթացող շինարարություններ, որոնք մինչև տարեվերջ, իսկ մի մասն էլ մինչև սեպտեմբեր կավարտվեն»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Սվաջյանը վստահեցրեց, որ դպրոցների ու մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման շինաշխատանքները ՀՀ ամբողջ տարածքում լինելու են շարունակական։

«Մենք հանրապետությունում ունենք շուրջ 1400 դպրոց և դեռ ընդամենը 300 դպրոցի ուղղությամբ ենք այս հնգամյա ծրագրի շրջանակում աշխատանքներ իրականացնում։ Արդեն իսկ սկսում ենք աշխատանքները հաջորդ 300 դպրոցների հավաքագրման ուղղությամբ ու մշակում ենք սկզբունքներ, թե ինչ չափանիշներով են դրանք ընտրվելու։ Այս փուլում մեծամասամբ կենտրոնացել ենք գյուղական դպրոցների վրա, բայց, բնականաբար, քաղաքային բազմաթիվ դպրոցներ էլ կան ծրագրում ընդգրկված։ Հիմա աշխատանքներ են իրականացվում արդեն հաջորդ փուլում կառուցվելիք 300 դպրոցների ցանկի մշակման ուղղությամբ։ Մանկապարտեզների ծավալը 500 չի լինի, այլ կլինի ավելի փոքր, որովհետև հանրապետությունում ունենք շուրջ 1000 մանկապարտեզներ, որոնց մեծ մասն արդեն բարեկարգված են։ Այն մանկապարտեզները կամ նախադպրոցական հաստատությունները, որոնցում միջամտության կարիք կլինի, նման աշխատանքներ ևս պլանավորվում են»,- նշեց Սվաջյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավելեց, որ քննարկվում է նաև արտադպրոցական ուսումնական հաստատություններին հաջորդ փուլում նույնպես մեծ ուշադրություն դարձնելու հարցը, որովհետև դրանք մեծամասամբ համայնքային ենթակայության շենքեր են և այդ կառույցներում տևական ժամանակ ներդրումներ չեն կատարվել, մինչդեռ կրթության ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացված երեխաների բազմակողմանի զարգացմանը։ Սվաջյանի հավաստմամբ՝ յուրաքանչյուր երեխայի պարագայում մեծ ուշադրություն է դարձվում բազմակողմանի զարգացման հնարավորությունների հասանելիության ապահովմանը, հետևաբար թե՛ մշակույթի, թե՛ սպորտի ուղղությամբ արտադպրոցական կառույցները ևս հաջորդ փուլում կընդգրկվեն ծրագրում։
Ավելի վաղ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համապատասխան հայտարարությամբ հերքել էր տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները, թե Հայաստանում նախատեսվում է 231 դպրոց փակել։
