Վերլուծություն

Ինչո՞վ կարևորվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

5 րոպեի ընթերցում

Ինչո՞վ կարևորվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Հանդիպման նկատմամբ հանրային և փորձագիտական շրջանակների ուշադրությունը բավական մեծ էր, ինչը կարելի է պայմանավորել, մի կողմից, հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից հնչած մի շարք ոչ միանշանակ հայտարարություններով, մյուս կողմից, դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության կողմից հուշագրի շրջանառմամբ, որն իր բնույթով սադրիչ էր և առավելապաշտական:

Հիմք ընդունելով հանդիպումից հետո կողմերի տարածած հայտարարությունները (համանախագահների հայտարարությունը դեռևս չի հրապարակվել)՝ փորձենք ամփոփել հանդիպման արդյունքները:

Առաջին, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հրադադարի ամրապնդմանը, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերին: Սա խոսում է այն մասին, որ այսօր էլ հանդիպումների ընթացքում քննարկվող հիմնական հարցերը շարունակում են մնալ հրադադարի ռեժիմը և վստահության ամրապնդման մեխանիզմները, որոնք թույլ կտան ձևավորել նպաստավոր մթնոլորտ բովանդակային բանակցությունների համար: Ավելին, սահմանային վերջին միջադեպերը հաստատում են, որ ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրումն անհրաժեշտություն է:

Այս համատեքստում հատկանշական է, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերն առ այն, թե ձեռք է բերվել համաձայնություն 2020թ. սկզբին արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ, ինչպես երևում է հայկական կողմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են «հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը». հստակ պայմանավորվածության մասին որևէ խոսք չկա:

Երկրորդ, հանդիպման ընթացքում կարևորվել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված «համեստ» արդյունքը՝ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Փաստացի, կողմերը եռակողմ այս նախաձեռնությունը հաջողված են համարում: Ընդ որում, բավական կարևոր է այս ծրագրի շարունակականությունը՝ նույն եռակողմ ձևաչափով և ճիշտ ընտրված ժամկետներում: Միաժամանակ, պետք է ընդգծել նաև վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը, որոնց շարքում կարելի է դիտարկել, օրինակ, հռետորաբանության մեղմումը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձը և այլն:

Երրորդ, հանդիպման ընթացքում հայկական կողմը հստակ արձանագրել է, որ բանակցություններում, հատկապես՝ կարգավորման բովանդակային հարցերի շուրջ քննարկումներում, Արցախի իշխանությունների ներգրավվածությունն անհրաժեշտություն է: Սա, ըստ էության, պատասխան էր հանդիպումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե Բրատիսլավայում ակնկալվում է բովանդակային բանակցությունների մեկնարկ: Հատկանշական է, որ Արցախի լիարժեք մասնակցության հարցը կարևորվել է նաև Բրատիսլավա մեկնելուց առաջ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության կողմից շրջանառության մեջ դրված հուշագրին, ապա պետք է արձանագրել, որ ոչ դրա բովանդակությունը, ոչ էլ փաստաթղթերի շրջանառության պրակտիկան նորություն չեն: Ավելին, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և այլ կառույցներում թե´ Հայաստանը և թե´ անգամ Արցախը բազմիցս շրջանառության մեջ են դրել տարաբնույթ փաստաթղթեր՝ ներկայացնելով այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական այս սադրանքը կստանա նաև արժանի պատասխան ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, իսկ ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա հայկական կողմի դիրքորոշումն ընդգծող առավել հստակ հայտարարությամբ:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ ի սկզբանե Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքները մեծ չէին՝ հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական և ոչ կառուցողական դիրքորոշումը: Այնուամենայնիվ, հայկական կողմը հանդիպման ընթացքում փորձել է հնարավորինս առաջ տանել իր գերակայությունները՝ հստակ ամրագրելով նաև Արցախի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը:

Լիանա Հովհաննիսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում