Սփյուռք

Իրանի հյուսիսի հայկական զարդերը. հայկական եկեղեցիները վերանորոգվում են նաև Ադրբեջանի սահմանին

4 րոպեի ընթերցում

Իրանի հյուսիսի հայկական զարդերը. հայկական եկեղեցիները վերանորոգվում են նաև Ադրբեջանի սահմանին

ՋՈւԼՖԱ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում` Արաքս գետի աջ ափին՝ Մաղարդա լեռան լանջին գտնվող 9-րդ դարի հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը 2008 թվականից գրանցված էՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվանման տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եկեղեցին համարվում է Իրանի «Արաս» տնտեսական գոտու խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը՝ մշակութային համագործակցության ծրագրերի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսաարդյունաբերական գոտու և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ, հայաստանցի ԶԼՄ ներկայացուցիչների համար վերջերս կազմակերպել էր այց դեպի ԻԻՀ:

Այցելելով Սբ. Ստեփանոս վանական համալիր՝ անհնար է շնորհակալ չլինել մեր հարավային հարևաններին՝ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, ինչպես նաև բարեկարգվել է համալիրի հարակից տարածքը և ընդհանուր առմամբ ծախսվել է 500 հազար ԱՄՆ դոլար: Տարեկան այստեղ այցելում է մոտ 3 մլն զբոսաշրջիկ:

9-րդ դարում կառուցված այս համալիրը գտնվում է Իրանի իշխանությունների հոգածության ներքո, և այն աշխարհին ավելի լավ ներկայացնելու համար այժմ իրազեկման աշխատանքներ են տարվում:

Այս պահին եկեղեցին ամրացնելու կարիք ունի, բայց քանի որ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, անհրաժեշտ է թույլտվություն։

Վանքին կից գործում են թանգարան, ցուցասրահ, հուշանվերների խանութ, թեյարան, իսլամական աղոթատեղի:

Թանգարանում պահվում են հայկական մշակույթի նմուշներ՝ կարպետներ, կանանց տարազի աքսեսուարներ, արծաթե վզնոցներ, գոտիներ, դուդուկ, ձեռագործ տիկնիկներ, խաչքարեր, որոնք տարբեր տարիներին թանգարանին նվիրաբերել են Իրանում ապրող հայերը:

«Արաս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության պատասխանատուի խոսքով՝ վանական համալիր այցելողներին առաջինը հետաքրքրում է հենց թանգարանը, քանի որ այնտեղ ներկայացված են բավականին բացառիկ նմուշներ:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքն ուսումնասիրելուց հետո մենք շարժվեցինք դեպի 11 կմ հեռավորությամբ գտնվող Հովվի կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Չոբանի մատուռ:

Այս եկեղեցին նույնպես տարիներ առաջ վերանորոգվել է և գտնվում է Իրանի կառավարության հոգածության ներքո:

Հովվի մատուռի պահակ Ալի Բեհրուզին 24 ժամ հսկում և պահպանում է տարածքը և տարածքին վերաբերվում է որպես սրբավայրի:

«Իրանի տարբեր քաղաքներից, Հայաստանից, այլ երկրներից շատ են գալիս այս եկեղեցի, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 1390 թվականից (իրանական թվագրությամբ (2011 թվական)) սկսել եմ պահպանել այս եկեղեցին և տարածքին վերաբերվում եմ որպես սրբավայրի ու պատմական վայրի»,- հայաստանցի լրագրողներին պատմեց Բեհրուզին։

Հովվի մատուռը 1518 թվականին կառուցել են հայ հովիվները, որը դարձել է նրանց աղոթատեղիներից մեկը։ Եկեղեցին պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանԱտրպատականի հայոց թեմին: Հովվի մատուռը գտնվում էԱրաքս գետիափին, որից այն կողմ գտնվում էՆախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Մատուռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 2003 թվականի մարտի 8-ին՝ որպես «հայկական վանական համալիր»: 2015 թվականին նորոգվել է տանիքը և գմբեթը: Նույն թվականի ապրիլ ամսին տեղի է ունեցել եկեղեցու օծումը՝ ի հիշատակ հայ նահատակների:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում