Տնտեսություն

Սպասվում է իտալական 30 ձեռնարկության ներկայացուցիչների այց Հայաստան

3 րոպեի ընթերցում

Սպասվում է իտալական 30 ձեռնարկության ներկայացուցիչների այց Հայաստան

ՀՌՈՄ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանի շուկայով և առաջիկայում սպասվում է նրանց այցելությունը Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, լրագրողների հետ զրույցում Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների, գործարար համաժողովի առաջին արդյունքներից:

«Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի ղեկավարության հետ: Ասեմ, որ այդ նահանգը ապահովում է Իտալիայի ՀՆԱ-ի 22 տոկոսը, խոսքը մոտավոր 368 մլրդ եվրոյի մասին է: Լոմբարդիայի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց աշխատել Հայաստանի հետ: Շատ շուտով մենք կտեսնեք մոտ 30 ձեռնարկության ներկայացուցիչների այցը Հայաստան»,-ասաց Վիկտորիա Բաղդասարյանը: Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Հայաստանը դիտարկվում է նաև երկիր՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Գործարարներն արդեն ուսումնասիրում են հայկական շուկան: Դեսպանն առանձնացրեց մի քանի ոլորտներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն:

«Միլանում կայացած բիզնես ֆորումը շատ հաջող անցավ, 150-ից ավելի ձեռնարկություններ էին ներկա: Մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ դահլիճում ֆիզիկապես տեղ չկար: Այս հանդիպումը դեսպանատունը կազմակերպել էր մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, կառույցների հետ, ինչպես նաև իտալական «Mediobanca»-ի, որը ներդրումային ամենակարևոր բանկերից է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում կոնկրետ արդյունքներ կլինեն»,-ասաց դեսպանը: Վիկտորիա Բաղդասարյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի Իտալիա այցի վերաբերյալ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև տեղի հեղինակավոր լրատվամիջոցները: Նրա խոսքով, այս այցը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, մշակութային տեսանկյունից:

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ, նոյեմբերի 22-ին հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից ICE՝ Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի:Նրա այցը մեկնարկել է նոյեմբերի 20-ին Վենետիկից: Հռոմում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը նաև Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:

Շանթ Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում