Հայաստանը ներդրումների գրավման միջոցով կարող է հասնել միլիարդ դոլարների արտահանման ծավալների

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջիկա 10-20 տարիներին կարող է մի շարք ոլորտներում հասնել միլիարդ դոլար արժողությամբ արտահանման ծավալների, եթե պատշաճ կերպով խթանվեն ներդրումները, ինչը կօգնի առարկայացնելու երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Ներդրումային, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի կողմից հրապարակված Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցում, որի պատրաստումը նախաձեռնվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Շվեյցարիա կատարած այցից հետո:

Նախագահ Սարգսյանը դեռևս 2018 թվականին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ և հանդես էր եկել առաջարկությամբ՝ անհատույց կերպով պատրաստելու Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցը: UNCTAD-ի թիմը 2019 թվականին այդ նպատակով այցելել էր Հայաստան:

Արդեն 2019 թվականի հունիսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Մուքիսա Քիթուիի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը, բարձր գնահատելով կառույցի գործունեությունը, շնորհակալություն էր հայտնել Համաժողովին և անձամբ գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցի անհատույց պատրաստումը ձեռնարկելու համար:

Նոյեմբերի 12-ին Ներդրումային, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի նիստին զեկույցի հրապարակման ժամանակ UNCTAD-ի ներդրումների և ձեռնարկատիրության հարցերով տնօրեն Ջեյսմ Ժանը, ընդգծելով, որ զեկույցը պատրաստվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նշել է, որ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը պատրաստելիս հաշվի են առնվել երկրի համեմատական առավելություններն ու սահմանափակումները:

Զեկույցում ընդգծված է Հայաստանի ներուժը մի շարք ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, ագրոբիզնեսն ու դեղագործությունը: Նշվել է, որ որպեսզի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր լինի կյանքի կոչել աղքատության և գործազրկության հաղթահարման մասին կառավարության տեսլականը, անհրաժեշտ են բարեփոխումներ ներդրումային քաղաքականության մեջ, ինչպես նաև առավել նշանակալի ջանքեր ուղղված ներդրումների ընդլայնմանը:

Ներդրումային քաղաքականության զեկույցը նպատակ ունի նպաստելու ներառական աճին և կայուն զարգացան խթանմանը: Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր Հայաստանում խորացնել բարձր տեխնոլոգիական ոլորտը և դարձնել երկիրն առաջավոր հանգույց նորարարությունների, տվյալների գիտության, արհեստական բանականության համար: Նշվում է նաև, որ հայկական սփյուռքը Հայաստանի առավելությունների շարքում է և ապագայում ևս կարող է առանցքային դերակատարում ունենալ:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ով ևս մասնակցել է քննարկմանը, ընդգծել է, որ Հայաստանը հասունացել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար, ուստի արվում է ամեն բան հանուն գործարար միջավայրի արդիականացման:

Վերջին 20 տարիների ընթացքում UNCTAD-ն իր աջակցությունն է ցուցաբերել ավելի քան 50 զարգացող երկրների՝ նրանց համար մշակելով ներդրումային քաղաքականության զեկույցներ: Ուսումնասիրությունների համաձայն՝ այդ զեկույցները հետագա տարիների ընթացքում օգնել են տվյալ երկրներին ավելի շատ ներդրումներ գրավել և բարելավել բիզնես միջավայրը:

Հայերեն العربية English

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել