Հասարակական

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի հայրենակիցներ, այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ.

Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցմանը:

Համոզված եմ, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնի դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանի տնտեսական մրցակցային դաշտի ու ներդրումային միջավայրի գրավչության բարելավմանը:

Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին:

Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել:

Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։

Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում:

Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում, հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ»,- գրել է Հովհաննիսյանը:

Հայկ Հովհաննիսյանը 2018 թվականին փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում