Հասարակական

ՀՔԾ պետը մեկնաբանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավական հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

ՀՔԾ պետը մեկնաբանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավական հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունն իրավունք ունի հարցաքննել ցանկացած անձի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Քրեական գործը երեկ ենք ստացել, դեռևս ուսումնասիրում ենք, այդ գործով որևէ մեկնաբանություն այս պահին չեմ անի: Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի: Ընդամենը հարցաքննելու համար Սահմանադրական դատարանի համաձայնությունն անհրաժեշտ չէ»,- ասաց Խաչատրյանը:

Հոկտեմբերի 29-ին Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը։

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործն առնչվում է Թովմասյանի` որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահմանը: Գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը, ասված է հաղորդագրությունում:

«Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալներ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն», - փոխանցել էր Քննչական կոմիտեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում