Հասարակական

«ՀայՓոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց «Ավրորա»-ի դափնեկիր Չո Լա Աունին նվիրված նամականիշ

3 րոպեի ընթերցում

«ՀայՓոստ»-ը մարեց  և շրջանառության մեջ դրեց «Ավրորա»-ի դափնեկիր Չո Լա Աունին նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն» թեմային:

Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա»-ի երրորդ դափնեկիր, ականավոր իրավապաշտպան Չո Լա Աունը, որն անձնազոհ պայքարել է Մյանմայի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների վերականգնման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամականիշը մարեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան, 2018 թվականի «Ավրորա»-ի դափնեկիր Չո Լա Աունը, «ՀայՓոստ»-ի գործադիր խորհրդի անդամ Արայիկ Աբրահամյանն ու ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Շատ ուրախ եմ այս նախաձեռնության համար: Գնահատում եմ «Ավրորա»-ն, քանի որ այն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում է մարդասիրական արժեքների մասին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Չո Լա Աունը: Նա ասաց, որ «Ավրորա» մրցանակն իր կյանքում շատ բան փոխեց: «Մինչ այդ Մյանմայի կառավարությունն իմ նկատմամբ մեծ կասկածներ ուներ, իսկ մրցանակին արժանանալուց հետո ես կարող եմ հանգիստ քայլել, լինել այստեղ»,-շեշտեց Չո Լա Աունը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասաց, որ նամականիշների մարումը շատ կարևոր է «Ավրորա»-ի դափնեկիրներին մշտապես հիշելու համար:

Անդրադառնալով «Ավրորա» ֆորումին` Վարդանյանն ընդգծեց, որ ընդգրկել են ոչ միայն համամարդկային արժեքներին վերաբերող միջոցառումներ, այլև կրթությանը, տեխնոլոգիաներին, մշակույթին վերաբերող ծրագրեր, որոնք իրականացնում են Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում:

«Ավրորա»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ շեշտեց, որ «Ավրորա» ֆորումի նպատակն է Դավոսի, Նյու Յորքի, Լոնդոնի և աշխարհի այլ զարգացած երկրներին հավասար Հայաստանը դարձնել այն միջազգային հարթակը, որտեղ քննարկվում են համաշխարհային կարևոր թեմաներ, արդի մարտահրավերներն ու լուծումները:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 12 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ»-ը թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

Թողարկման օրը` 16 հոկտեմբերի 2019 թ.

Դիզայնը` Ալլա Մինգալյովա

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 50,0 մմ

Մեկ թերթի վրա` 6 հ.

Տպաքանակը` 12 000 հ.

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում