Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման լայն հնարավորությունից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ակնկալում է ակտիվ համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց, որ համագործակցության համար նոր հեռանկարներ են բացվում:

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել մասնակցելու Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին, որը կայանում է այս հրաշալի պատմական քաղաքում՝ Երևանում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և արժանավայել ընդունելության համար»,-ասաց Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին նշեց, որ ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակելու ազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ և հույս հայտնեց, որ քննարկումները կբերեն արժեքավոր արդյունքների:

Կարևորելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները Իրանի նախագահը նշեց, որ Իրանը հակված է դիվերսիֆիկացնելու իր տնտեսական հարաբերությունները: Նա ընդգծեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, նշելով, որ այն քայլ է ուղղված բազմակողմանի առևտրային կառույցները ամրապնդելուն:

«Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով: Մենք ձգտում ենք օգտագործել այդ հնարավորությունները նպաստելու մեր երկրի տնտեսության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների կայուն զարգացմանը: Խոշոր ներդրումներով ձևավորվել են տարբեր երկաթգծային և ավտոմոբիլային միջանցքներ՝ թեթևացնելու տրանզիտային փոխադրումների գործընթացը: ԵԱՏՄ-ն կարող է իր հնարավորություններն իրացնել տրանսպորտային ոլորտում սերտ համագործակցության պարագայում: Իրանը պատրաստ է առաջարկել լայն հարթակ տարբեր ուղղություններով: Ես հրավիրում եմ ԵԱՏՄ-ի ներդրողներին օգտվել առաջարկվող հնարավորություններից: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ ինտեգրացիոն հնարավորություններն իրացնելու համար»,-ասաց Իրանի նախագահը:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:

Հայերեն English Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք