ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական փոփ երաժշտարվեստում իր ուրույն տեղը զբաղեցնող «Դետք» խումբը, որն իր ստեղծագործություններով հաճախ է անդրադառնում հայ մեծերին, այս անգամ երգ է նվիրել 19-րդ դարի ճապոնաբնակ հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարին: Խումբը «Դիանա» երգով ցանկացել է հիշեցնել ուժեղ հայ կնոջ մասին, որը մեծ դերակատարություն է ունեցել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայերի փրկության գործում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտությունը գրել է Արման Ամպը, խոսքերի հեղինակը Վահան Կիրակոսյանն է, իսկ տեսահոլովակի, որի նկարահանումներն անցկացվել են Ճապոնիայում, ռեժիսորն ազգությամբ ճապոնացի Թոմ Քերին է:
«Դիանայի մասին երգ գրելու գաղափարը տվել է քույրս՝ Արմինեն: Ստեղծագործությունը վաղուց էր ծնվել, բայց հոլովակը նկարահանեցինք այս տարի, քանի որ խմբի տղաները բանակում էին»,- մեզ հետ զրույցում նշեց «Դետք»-ի պրոդյուսեր Արման Ամպը:
Նա ասաց, որ մեր օրերում հաճախ են խոսում հասարակության մեջ կանանց դերի, նրանց իրավունքների մասին: «Դեռ հարյուր տարի առաջ Ճապոնիայում ապրել է Դիանան, որը ճանաչված հրապարակախոս էր, մարդու իրավունքների պաշտպան: Նրա շնորհիվ Ճապոնիան ճանաչեց Հայաստանի անկախությունը»,-ընդգծեց Արմանը:
Ճապոնական հարուստ մշակութային ժառանգությունը պատկերող տեսահոլովակում Դիանա Աբգարին մարմնավորել է երգի գաղափարի հեղինակը՝ Արմինեն: «Արմինե Մելքոնյանը դերասանուհի չէ, բայց Դիանա Աբգարի կերպարին շատ մոտ է. նա Հայաստանի ֆինանսական համակարգի եզակի կին տնօրեններից է, «Դետք»-ի լավ բարեկամը ու նաև քույրս: Արմինեն շատ է կարևորում, որ հայ աղջիկները սոցիալապես ամուր դիրքերում լինեն»,-պատմեց պրոդյուերը:
Հոլովակի նկարահանումներին աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:
Դիանա Աբգարը 19-րդ դարում գրել է գրքեր ու հոդվածներ` ցեղասպանության վերահաս վտանգի մասին զգուշացնելով խաղաղությամբ շահագրգիռ կազմակերպություններին, գիտնականներին, միսիոներներին և քաղաքական գործիչներին: Երբ ոչ ոք չանսաց Դիանայի կանչին, և կոտորվեց 1.5 միլիոն մարդ, փրկվածները փախուստի դիմեցին բոլոր ուղղություններով: Դիանան ստանձնեց դիվանագետի ու մարդասերի նոր դերը՝ դառնալով կորուսյալ Հայաստան պետության փաստացի դեսպանը: Նա փախստականներին ապաստան տրամադրելու համար բանակցում էր Ճապոնիայի կառավարության հետ, սեփական միջոցներով տներ վարձում նրանց պատսպարելու համար, երեխաներին տեղավորում էր դպրոցներում, օգնում մուտքի արտոնագրերի ու փաստաթղթերի հարցում, ապահովում էր նավարկումը և ուղևորության եզրափակիչ փուլն իրականացնելու համար գտնում փախստականների՝ Ամերիկայում գտնվող ազգականներին: Գրող, գործարար կին, ակտիվիստ, մարդասեր և դիվանագետ Դիանա Աբգարը մեն-մենակ Ցեղասպանության հարյուրավոր վերապրողների փրկեց: Թե՛ նա, թե՛ փախստականները նույն տեսլականն ունեին, ինչքան էլ դա անիրական լիներ. ջանադիր աշխատանքով, համառությամբ և մարդկային փոքր-ինչ կարեկցանքով հաջողության հասնել: