Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է Մոսկովյան ֆինանսական ֆորումին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է Մոսկովյան ֆինանսական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 12-ից 13-ը նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ մասնակցում է Մոսկովյան ֆինանսական ֆորումին, որի շրջանակներում քննարկվում են հարկաբյուջետային կանոնների արդյունավետությունը և դրանց զարգացման հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրներում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, վերջին տարիներին հարկաբյուջետային քաղաքականության կայունության ապահովումը ԵԱՏՄ անդամ պետությունների ուշադրության կենտրոնում է: Այս խնդրի լուծմանն ուղղված հիմնական գործիքներից մեկը հարկաբյուջետային կանոններն են: Ինտեգրման զարգացումը և եվրասիական տարածքում տնտեսությունների փոխկապակցվածության աճն ապահովելու տեսանկյունից կարևոր է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից բյուջետային կանոնների կիրառման փորձի փոխանակումը արդի տնտեսական քաղաքականության մշակման համատեքստում: Ավելին, յուրաքանչյուր պետության հարկաբյուջետային կանոններից զատ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված են անդամ պետությունների պետական պարտքի և դեֆիցիտի միասնական սահմանային արժեքներ, որոնք կարող են դիտարկվել որպես ընդհանուր բյուջետային կանոններ անդամ երկրների համար:

Ֆորումի ընթացքում քննարկվում են հարկաբյուջետային կանոնների արդի համակարգերի արդյունավետությունը, անդամ երկրների համագործակցության զարգացման ուղղությունները մակրոտնտեսական համատեղ քաղաքականություն վարելու տեսանկյունից՝ հաշվի առնելով տնտեսությունների միջև եղած տարբերությունները, հարկաբյուջետային կայունության ընդհանուր ստանդարտների սահմանումը:

ՀՀ ՖՆ մակրոտնտեսական վարչության պետ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով ՀՀ-ում հարկաբյուջետային կանոնների արդիականացման գործընթացը և այդ ուղղությամբ բարեփոխումների փորձը, նշել է, որ հարկաբյուջետային կանոնները պարզապես սահմանափակումներ չեն, այլ ճկուն ուղենիշներ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության համար: Նա ընդգծել է, որ երկրներն ունեն մակրոտնտեսական քաղաքականության իրականացման տարբեր արժեքներ և մշակույթներ, և անհրաժեշտ է միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում մոտեցնել այդ արժեքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում