Արցախ

Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախում ՏԻՄ ընտրությունների կայացման առթիվ

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախում ՏԻՄ ընտրությունների կայացման առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ:

Ինչպես միշտ, այս անգամ եւս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի մասին փաստել են նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ:

Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարման այն սկզբնական օղակն են, որի արդյունավետությունից է մեծապես կախված պետական ողջ համակարգի գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք ձեր համայնքների եւ Արցախ աշխարհի զարգացման ու զորացման համար:

Ուզում եմ նաեւ ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին ցանկանալ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ:

Այս ընտրությունները դարձան եւս մեկ կարեւոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում, մեր ժողովրդի կողմից ազատ, անկախ եւ ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում