Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
![Պետական շահի պաշտպանությունն իմ միակ շահագրգռվածությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի հարցի վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/986870.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի հարցով ունի մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման-չշահագործման հետ կապված:
«Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունն ու պահպանումը, որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ»,-ասա Ավինյանը։
Հարցին, թե արդյոք հանքը շահագործելու համար պարտադրանք կա՞, նա ասաց՝ միակ պարտադրանքն այն է, որ Հայաստանը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր:
Հարցին, թե Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական հեռանկարով արդյոք հետաքրքրվա՞ծ է՝ փոխվարչապետը վստահեցրեց, որ ինքն առհասարակ բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով է մտահոգված, և Ամուլսարի հարցը բացառություն չէ:
Ավինյանն Ամուլսարի հարցով այլ կարծիք հայտնելուց զերծ մնաց՝ նշելով, որ արբիտրաժային գործընթացներ են հնարավոր: