Հասարակական

Փաշինյանը ՀՀ-ում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու քաղաքական նպատակ ունի

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը ՀՀ-ում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու քաղաքական նպատակ ունի

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 30-ին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, և այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, այս արձանագրումը երևում է նաև հանրության արձագանքից, որովհետև այս փաստաթղթում ես տեսա տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով` ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ն արձանագրել է, որ ինքը չի առնչվել կոռուպցիայի դեպքերի, ինչն, իհարկե, շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը, այնուամենայնիվ, արձանագրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրենք կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունեցել են նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ:

«Կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները, և, առավել ևս, կոռուպցիայի արդյունքում հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը մենք բոլորս և հանրությունը իրավունք ունենք ակնկալել: Այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ, և այդ խնդիրներից ամենևին ոչ երկրորդական տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները: Այդ ինստիտուցիոնալ խնդիրների մի մասը նկատելի է առաջին հայացքից, երկրորդ մասը նկատելի չէ առաջին հայացքից, և կարծում եմ, որ մենք հենց այս առումով պետք է շատ հետևողական գտնվենք, որպեսզի ընթացիկ պայքարը կոռուպցիայի դեմ ուժեղացնենք որոշակի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ»,- նշեց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս ընթացքում իրենք բավական ծավալուն և որակյալ աշխատանք են իրականացրել` կողմնորոշվելու հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ և արձանագրելու, թե ինչպես են պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը:

«Քաղաքական արձանագրումը, որ կարևոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել»,- ասաց Վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում