Տնտեսություն

Հաճույքով կկրեմ Գյումրիում արտադրվածը. Վարչապետ Փաշինյանը խոստացավ կրել նվեր ստացած կոշիկները

3 րոպեի ընթերցում

Հաճույքով կկրեմ Գյումրիում արտադրվածը. Վարչապետ Փաշինյանը խոստացավ կրել նվեր ստացած կոշիկները

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովի մեկնարկից առաջ հանդիպել է գործարարների հետ և նշել, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն:

Ավելի քան 60 ընկերություն ու անհատ ձեռներեց առանձին տաղավարներով ՀՀ վարչապետին ու Գյումրի այցելած հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը: Ներգնա տուրիզմից մինչև արտագնա՝ Շիրակում գործող տուրիստական ընկերությունները ՀՀ վարչապետին ներկայացրին իրենց զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝ մարզի տարածքում գտնվող պատմական տարածքներից, մինչև դահուկավազքի սիրահարների համար նախատեսված շրջաններ: Վերջին տարիներին հանրապետության երկրորդ քաղաքն էլ արդեն շատերի համար զբոսաշրջային ամենահետաքրքիր վայրերից է: Զբոսաշրջիկների հոսքը հատկապես մեծ է ՌԴ-ից: Բացի կոլորիտային ու պատմական շենք-շինություններից, առաջարկվում է նաև հետաքրքիր խոհանոց:

Ռեստորանային համալիրները, սրճարաններ, թեյարաններ, սոցիալական բիզնեսներ՝ այն ծառայություններն են, որոնք արդեն փորձում են մատուցել քաղաք այցելած հյուրերի ճաշակը հաշվի առնելով:

Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով: Սակայն սա միակ նվերը չէր. տեղական ՏԱՎՐՈՍ արտադրության կոշիկները վարչապետը խոստացավ անպայման կրել: «Հաճույքով կկրեմ: Այս պահին իմ հագին, փողկապից բացի, ամեն ինչ տեղական արտադրության է, այնպես որ հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրվածը»,-նշեց վարչապետը:

Շիրակը զարգացնելու լավագույն տարբերակը նաև արհեստն ու արվեստն է; ՀՀ վարչապետն այստեղ փորձեց երկաթյա դարբնագործական իր պատրաստել: Տաղավարներից մեկում էլ խոստացավ հաջորդ անգամ փորձել Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող հոլի մրցաշարին մասնակցել:

Այն, որ վերջին տարիներին Գյումրիում թեև փոքր քայլերով, բայց փորձում են վերականգնել թեթև և սննդի արդյունաբերական ներուժը՝ վկայում էին բոլոր տաղավարները: Չնայած դեռ վաղ է խոսել նախկին ծավալներից, սակայն իր ուրույն տեղն ու դերը ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի շուկայում ունի մարզի արդյունաբերությունը: Դրա վառ օրինակներից են Գյումրիում արտադրված գուլպաները, ջինսերը մսամթերքն ու կաթնամթերքը: Բավական մեծ տաղավարով ներկայացված էր նաև Գյումրու գարեջուրը՝ իր նոր հնդկաձավարի գարեջրով: ՀՀ վարչապետը նաև հաճելիորեն զարմացավ՝ իմանալով մեկ օր առաջ Ամասիայում բացված բրդի գործարանի մասին. «Շատ ուրախ եմ, բրդի արտադրության գործարան է բացվել: Սա նախ և առաջ ֆերմերների համար է շատ լավ. կկարողանան ոչխարաբուծությունը զարգացնել»:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացավ նաև մարզում գործող բանկային համակարգերի ծառայություններին, որպես առաջին այցելու գրանցվեց նաև ՇԵՄՄ-ի՝ Հայաստանում առաջին օնլայն հաշվապահական կայքում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում