Տնտեսություն

էներգետիկ խնդիրը կարգավորվել է. Փաշինյանի համոզմամբ՝ համակարգը ցուցաբերել է բավարար ճկունություն

2 րոպեի ընթերցում

էներգետիկ խնդիրը կարգավորվել է. Փաշինյանի համոզմամբ՝ համակարգը ցուցաբերել է բավարար ճկունություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկայի համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խնդիրները գործնականում ժամը 20:00-ի դրությամբ կարգավորվել են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում ժամը 20:00-ի դրությամբ արդեն ամբողջապես վերականգնվել էր հանրապետության ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգն ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս, երբ մենք մի ներդրումային ծրագիր էինք քննարկում, անդրադարձ կատարեցինք այդ փոխարկիչի հետ կապված խնդրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ մասնագետները նման իրավիճակ են նկարագրել, որ փոխարկիչը ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից:

«Այնպես որ, գործնական առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները։ Երկու վարկած կա՝ արտաքին, ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ պատճառը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց մոտ ևս նշանակվել է ծառայողական քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում