Տնտեսություն

Վրացի գործարարները շահագրգռված են հայ գործընկերների հետ համագործակցել տարբեր ոլորտներում

2 րոպեի ընթերցում

 Վրացի գործարարները շահագրգռված են հայ գործընկերների հետ համագործակցել տարբեր ոլորտներում

ԴԻԼԻՋԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի գործարարները շահագրգռված են Հայաստանում գործընկերներ գտնելու հարցում, պատրաստ են նաև Հայաստանում ներդրումներ կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:

«Բոլոր ոլորտներում համագործակցության հետաքրքրություն կա: Այդ հնարավորությունն այսօր պետք է մաքսիմալ օգտագործվի, քանի որ վրացի գործարարներն էլ շահագրգռված են համագործակցելու»,-ասաց Չիկովանին:

Նրա խոսքով՝ վրացի գործարարները համաժողովի շրջանակում եկել են Հայաստան՝ փնտրելու գործընկերներ՝ թե Հայաստանում, թե Վրաստանում բիզնես սկսելու համար: Նրանք պատրաստ են նաև ներդրումներ կատարել Հայաստանում:

Պալատի նախագահի խոսքով՝ հայերը և վրացիներն ավանդաբար համագործակցում են առևտրի և ներդրումների ուղղությամբ: Եվ իրենց աշխատանքներն ուղղված են նրան, որ առևտրաշրջանառության ծավալներն աճեն: Նա նկատեց, որ բժշկության և առևտրի ոլորտում արդյունքներ կան:

Չիկովանիի կարծիքով՝ համաժողովը մեծապես կօգնի ծանոթանալու միմյանց պոտենցիալին, ավելացնելու ներդրումները, զարգացնելու համագործակցությունը:

Երևանում հունիսի 27-ին անցկացվել է Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի մասնակցությամբ, իսկ հունիսի 28-ին Դիլիջանը հյուրընկալել է երկու երկրների 200 գործարարների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում