Արցախ

Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի

2 րոպեի ընթերցում

Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում հունիսի 23-ին վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս եկեղեցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերաօծման կարգը կատարել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Վերաօծմանը հաջորդել է կիրակնօրյա պատարագ։ Եկեղեցու վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով։

Պատարագին հաջորդած ելույթի ժամանակ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին պատմական եկեղեցուն նոր կյանք հաղորդելու համար։ Վերջինս կարևորել է հայոց եկեղեցու քարոզած քրիստոնեական սիրո և միաբանության կարևորությունը հայրենիքի համար այս պատասխանատու օրերին։ Վարչակազմի ղեկավարը շեշտադրել է նաև այն հանգամանքը, որ Հոչանցի եկեղեցու վերաօծումն ու վերագործարկումը մեծ առումով խորհրդանշում են հայերի վերադարձն ու վերատիրումը ազատագրված տարածքներում։

Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի վարչակազմի աշխատակիցներ, «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և զարգացման ծրագրերի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, Հոչանցի և հարևան գյուղական համայնքների բնակչությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում