Սփյուռք

Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում մեկնարկել են Սբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերի 228-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը:

Հունիսի 22-ին Կիեւում Ուկրաինայի հայերի միության եւ «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի նախաձեռնությամբ հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ հավաքվել են կլոր սեղանի շուրջ, որտեղ քննարկվել են կարեւոր, հեռանկարային ծրագրեր:

Միջոցառմանը ներկա են եղել գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, երաժիշտներ, հոգեւորականներ եւ հասարակական գործիչներ:

Կլոր սեղանի մասնակցիները ողջունել են Ուկրաինայի հայ համայնքի ծրագրած միջոցառումները, նշվել են համատեղ քայլերը՝ Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությունն ավելի հայտնի դարձնելու համար:

Մարիամ Աստվածածնի սրբապատկերը հանդիսանում է Ուկրաինայի հայերի հոգեւոր ժառանգության ամենահայտնի մասունքներից մեկը: 1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերն ու Կամենեց-Պոդոլսկում վերակառուցված եկեղեցին օծվել են, եւ արքեպիսկոպոս Յակով Թումանովիչի կարգադրությամբ նշվում է Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը:

2011 թվականին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հայ-ուկրաինական բարեկամության օր հռչակել:

Ամեն տարի այդ օրն Ուկրաինայի տարբեր շրջաններում հայկական սփյուռքը թեմատիկ միջոցառումներ է անցկացնում: Տոնակատարություններն ավարտվում են հունիսի 28-ին:

«Ուկրաինայի հայերի միությունը Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ դարձել է համաուկրաինական միակ կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին: Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է հատկացնում գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում