Տնտեսություն

ՀՀ դեսպանը և Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը և Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հունիսի 19-ին հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի (Milan Štěch) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի սկզբին Միլան Շտյեխի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցից տպավորություններն ու արդյունքները։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական և հատկապես գյուղատնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության խորացման և ոլորտում ներդրումների խրախուսման հնարավորությունները, անդրադարձել գյուղական համայնքների զարգացման ծրագրերի կարևորությանը և Հայաստանում զբոսաշրջության ու ոլորտային ենթակառուցվածքների բարելավման հեռանկարներին։

Երկուստեք կարևորվել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Դեսպան Հովակիմյանն ու Միլան Շտյեխը քննարկել են նաև վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներն ու ընթացիկ բարեփոխումները։ Հանդիպման ավարտին Միլան Շտյեխը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ Հայաստան կատարած իր այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում