ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Համապատասխան գրությունն ուղարկվել է Ազգային ժողով»,-ասաց նա։
Հունիսի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության, որին սակայն չի ներկայացել:
2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: