Արցախ

Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը

7 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը. առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:

Միջոցառման բացմանը ներկայացվել է երաժշտական կոմպոզիցիա, որին միահյուսված ներկայացվել է Արցախի մշակույթն իր ողջ ներկապնակով. հորովել, փողային և հարվածային գործիքներ, թմբկահարներ, երգի և պարի համույթներ, մանկական երգչախումբ, տարազների ցուցադրություն, Արցախի այաներ և այլն:

Առաջնությանը մասնակից Աբխազիայի, Արցախի,Արևմտյան Հայաստանի,Հարավային Օսիայի,Չամերիայի,Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը հաջորդականությամբ մտել են մարզադաշ՝ պտույտ կատարելով վազքուղով:

Այնուհետև հնչել է օրհներգը:

Դրոշների բարձրացման պատիվը տրվել է Արցախի հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանին, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանին, Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի անդամ Գևորգ Միրզոյանին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նրա խոսքով՝ Արցախում այսօր տեղի է ունենում նշանակալի իրադարձություն:

«Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ադ թվում նաև՝պետական այրեր: Ուզում եմ ողջունել եղբայրական Հարավային Օսետիայի ՀանարապետությաննախագահԱնատոլի Բիբիլովին, «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիա»-ի նախագահ Պեր Անդրես-Բլինդին, «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների Եվրոպայի կոնֆեդերացիա»-ի նախագահ Ալբերտո Ռիկյոյին և նշել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ արցախյան հողում: Նման մարզական միջզգային միջոցառում մեր երկրում տեղի է ունենում առաջին անգամ: Այն պատշաճ մակարդակով անցկացնելու համար տարվել է ծավալուն և քրտնաջան աշխատանք: Հուսով եմ, որ և´ մարզիկները,և´ ֆուտբոլասերները բավականություն կստանան խաղերից: Սպորտը, հատկապես ֆուտբոլը, այն բացառիկ բնագավառներից է, որոնք պետք է միավորեն ժողովուրդներին և մարդկանց, ամրապնդեն նրանց միջև բարեկամություն և փոխադարձ հարգանք, նպաստեն կապերի հաստատմանը և այլն: Սպորտը չի ճանաչում սահմաններ և սահմանափակումներ, խտրականություն և երկակի ստանդարտներ: Այն խաղաղության խորհրդանիշ է, որտեղ պայքարն արդար է, և հաղթում է նա, ով լավ է պատրաստված: Արցախում ֆուտբոլի նկատմամբ միշտ եղել է հատուկ վերաբերմունք և մենք ունենքձևավորված ավանդույթներ: Հուսով եմ, որ այս մրցաշարն ի հայտ կբերի ֆուտբոլային նոր դեմքեր, ովքեր օրինակ կծառայեն մատաղ սերնդի համար և իրենց խաղով մեզ կպարգևեն բազմաթիվ ուշագրավ պահեր՝ առաջնությունը վերածելով իսկական տոնի»,-մասնավորապես ասել է Նախագահը:

Նաշնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել ConiFA-ի կազմակերպման գործում:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիա»-ի նախագահ Պեր Անդրես-Բլինդը:

Նրա խոսքով՝իրենց համար մեծ պատիվ է բոլորի հետ միասին այսօր Արցախում ներկայացնել ConiFA-2019 թվականի Եվրոպայի առաջնությունը:

«Այսօր Եվրոպայի մայրաքաղաքը Ստեփանակերտն է: ConiFA-ի ուղենիշ սկզբունքներից է ֆուտբոլ խաղալու ազատությունը, այն հարթակ է, որ յուրահատուկ պատուհան է բացում դեպի մեծ աշխարհ: Այս հարթակը մեզ հնարավորություն է ընձեռում ցույց տալու աշխարհին մեր ժողովրդի, մշակույթի, մեր ազգային ինքնության և մեր ժառանգության մեծությունն ու գեղեցկությունը: Այս առաջնությանը հետևելու են միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Մենք ներկայացնում ենք տարբեր երկրներ, որոնք ժառանգել ենտարբեր մշակույթներ, անցել պատմական տարբեր ուղիներ, այդուհանդերձ այս առաջնությունը մեզ համախմբել է մեկ հարկի տակ՝որպես յուրահատուկ դեսպաններ հանդես գալու և աշխարհին ներկայացնելու մեր ժողովրդներին, ցույց տալու, որ, անկախ բոլոր հանգամանքներից, անկախ մեր ծագումից, մենք կարող ենք ստեղծել կենսատև բարեկամություն և կարող ենք սերմանել փոխադարձ հարգանք: ConiFA-ն ձգտում է հասնել խաղաղության,լինելավելի հանդուրժող, ավելի բարեհաճ աշխարհիհանդեպ: ConiFA-ի գլոբալ համայնքը ներկայացնում է ավելի քան 370 մլն մարդկանց աշխարհի 6 տարբեր մայրցամաքներից. այս ցուցանիշներն անընդհատ ավելանում են»,-ավելացրել է Պեր Անդրես-Բլինդը՝ նշելով, որ առաջիկա 9 օրերի ընթացքում իրենքականատես են լինելու բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլային առաջնությանը:

Նա իր խոսքում ընդգծել է, որ արտերկրից ժամանած լրագրողներն առաջնությունը մեկնաբանելիս և Արցախի մասին տպավորություններով կիսվելիս անպայման կնշեն՝Արցախը հիասքանչ է:

«Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների Եվրոպայի կոնֆեդերացիա»-ի նախագահ Ալբերտո Ռիկյոյն էլ ասել է. «Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ կարևորելու, և արժևորելու սպորտի և, մասնավորապես, ֆուտբոլի դերը մեր կյանքում: Սպորտը օգնում է մարդկանց հասնել նոր բարձունքների: Սպորտը կարևոր շարժիչ ուժ է հանդիսանում սոցիալական հասարակության բոլոր խավերի ներգրավածության համար: Ֆուտբոլային 8 թիմեր և շուրջ 200 մարզիկներ ձեռնամուխ կլինեն ֆուտբոլային ամենաթեժ պայքարին՝ հունիսի 9-ին կայանալիք վերջնախաղում խաղարկվող ֆուտբոլային ամենակարևոր գավաթի համար»:

Ելույթներից հետո«Արցախի ձայներ» երաժշտական նախագծի անդամների կատարմամբ հնչել է առաջնության հիմնը: Այնուհետև երգիչները մտել են դաշտ և երգելով ուղեկցել ֆուտբոլիստներին դեպի նստատեղեր: Համերգային ծրագրի ընթացքում երգերով հանդես են եկել հայ և իսպանացի կատարողներ:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահի տիկին Անահիտ Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, պետական պաշտոնյաներ, հյուրեր մի շարք երկրներից, լրագրողներ, ֆուտբոլասեր հասարակություն և այլք:

Հանդիսավոր միջոցառման վերջում տեղի է ունեցել ֆուտբոլային հրավառություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում