Տնտեսություն

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները հաստատեցին քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները

5 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները հաստատեցին քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները հաստատեցին օրակարգով քննարկված հարցերի շուրջ ընդունված որոշումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի 17-րդ նիստի օրակարգում ընդգրկված էր 13 հարց:

«Մենք այսօր նեղ կազմով անցկացրինք շատ արդյունավետ քննարկում: Բոլոր երկրները դրսևորեցին կառուցողական կեցվածք: Բայց կարծում եմ, որ դա տեղի ունեցավ մեծամասամբ այն բանի շնորհիվ, որ դուք՝ հարգելի Նիկոլ Վովայի, միացաք մեզ: Հուսով եմ, որ մենք հետագայում նույնպես այդպիսի արդյունքներ կգրանցենք: Ես Հայաստանին ցանկանում եմ հաջողություններ ԵԱՏՄ նախագահության գործում»,- ասաց Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը:

Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը նոր տեմպ կհաղորդի կառույցին: «Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը մեր կառույցին նոր տեմպ կհաղորդի: Այս տարին մեր կառույցի համար հոբելյանական է: 2018թ. մենք ամփոփեցինք մի շարք ոլորտներում տնտեսական աճով»,- ասաց Մամինը:

Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը շեշտեց այն հանգամանքը, որ 2019թ. լրանում է միության ստեղծման պայմանագրի կնքման հինգերորդ տարին: «Այս տարի մենք նշում ենք ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի կնքման 5 տարին: ԵԱՏՄ-ն հանդիսանում է երիտասարդ և արագ զարգացող ինտեգրացիոն միություններից մեկը: Փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, ինչպես նաև մեծ Եվրասիական հարթակի մտահղացման զարգացումը հանդիսանում են ԵԱՏՄ զարգացման հիմնական ուղղությունները: Միության ներսում գրանցված տնտեսական հաջողությունները խոսում են ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական հաջող և ինտենսիվ համագործակցության մասին»,- նշեց Աբիլգազիևը

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ կառույցի ինտեգրացիոն ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացել է: «5 տարին երկար ժամկետ չէ, բայց կարելի է խոսել իրականացած աշխատանքների մասին: Կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ ինտեգրացիոն ծրագիրն, ընդհանուր առմամբ, կայացել է: Այն աշխատում է, մեր հնգյակի միասնական շուկան զարգանում է: Դրական փոփոխություններ կան բոլոր ուղղություններով»,- ասաց Մեդվեդևը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում անդամ պետությունների երկրների վարչապետերն ընդգծեցին, որ նեղ կազմով քննարկումն ընթացել է կառուցողական մթնոլորտում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալության համար:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնցից 8-ը քննարկվել են նեղ կազմով հանդիպման ժամանակ: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ են փոխանակել ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, հաստատել են արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում, 2019թ. փետրվարի 1-ին: Նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:

Եվրասիական տնտեսական միությունըտարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրըստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ինև ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:

2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում