Սփյուռք

Նյու Դելիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով

2 րոպեի ընթերցում

Նյու Դելիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի առաջատար Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովին մասնակցում էին Ներուի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, Դելիի մտավորականության, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։

Համաժողովը բացեց և Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր պարոն Չինթամանի Մահապատրան։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ներկայացրեց Հայոց ցեղասպանության հիմնահարցի պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները, ինչպես նաև՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման Հայաստանի մոտեցումները։

Ելույթներ ունեցան նաև Ներուի անվան համալսարանի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Փուլ Բադանը, պրոֆեսոր Ամիթաբ Սինգհը, ով վերջերս այցելել էր Հայաստան և դասախոսությամբ հանդես եկել Երևանի պետական համալսարանում և Հայաստանի դիվանագիտական ակադեմիայում, գրող-հրապարակախոս Սուման Քեշարին, Հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մովսիսյանը, «BBC - Հնդկաստան» լրատվամիջոցի լրագրող Սատիշ Ջակոբը, ճանաչված «Hans» հինդի գրական ամսագրի խմբագիր Սանջայ Սահայը և այլոք։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում