Սփյուռք

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում

2 րոպեի ընթերցում

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում՝ Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ ունեցան Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբի անդամները, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ով ներկայացրեց Հայաստանի միջազգային ջանքերը ցեղասպանության կանխարգելման գործում:

Այնուհետև Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատում ներկայացվեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման բանաձևը՝ խորհրդարանի անդամ Լուզ Ռիվասի (Luz Rivas) կողմից: Օրենդրական նախաձեռնությանը աջակցեցին Կալիֆորնիայի խորհրդարանական բոլոր խմբերը:

Իր ելույթում դեսպան Բայբուրդյանն ասաց. «Կալիֆորնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ներկայիս բանաձևի ընդունումը խորհրդանշում է արդարությունը: Այն զորավոր ուղերձ է ամբողջ աշխարհին, որ ցեղասպանությունը և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները այևս երբեք չպետք է տեղ գտնեն ապագայում»:

Նույն օրը Կալիֆորնիայի սենատում միաձայն ընդունվեց սենատոր Անդրեաս Բորջեասի (Andreas Borgeas) կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ոգեկոչման բանաձևը: Նիստի ընթացքում հնչեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներ:

Խորհրդարանի երկու պալատների նիստերից հետո Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբի կազմակերպմամբ տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը (Gavin Newsom), Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահ Թոնի Աթկինսը (Toni Atkins), խորհրդարանականներ, պաշտոնական անձիք և հայ համայնքի ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում