Սփյուռք

Վարշավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

2 րոպեի ընթերցում

Վարշավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 24-ին կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, տեղական իշխանությունների, ինչպես նաև լեհական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դեսպան Սամվել Մկրտչյանը, դիմելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Լեհաստանի կողմից (2005թ. ապրիլի 19-ին) ճանաչումն ու դատապարտումը և ընդգծեց, որ հայ ժողովրդի սկզբունքային և հետևողական պայքարն ունի նաև ցեղասպանությունների կրկնման հնարավորությունները բացառելու և նման ոճրագործությունները կանխելու մարդասիրական նպատակ:

Այնուհետև, հիշատակի սրբոց կարգ մատուցվեց Լվովից ժամանած Հայ առաքելական եկեղեցու ավագ քահանա Տեր Թադևոս Գևորգյանի և Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Յուզեֆ Նաումովիչի կողմից: Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ և սրբադասված զոհերի հիշատակի հուշարձանին: Խաչքարի մոտ տեղի ունեցավ նաև մոմավառություն:

Նախքան արարողությունը և հետո Վարշավայում բողոքի քայլերթեր և ակցիաներ իրականացվեցին հայկական մի շարք կազմակերպությունների անդամների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում