ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալահայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակի կապակցությամբ ապրիլի 5-ին Լիսաբոնի «Ման Ռոք» եկեղեցում անցկացվել է համերգային ծրագիր, որի ընթացքում հնչել են մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» և Արվո Պյարտի «Ադամի ողբը» ստեղծագործությունները:
Երեկոյին հանդես են եկել սոպրանո Սեսիլիա Ռոդրիգեսը, Արմանդո Պոսանտեն, Գյուլբենկյան երգչախումբն ու նվագախումբը` դիրիժոր ՏոնուԿալյուստեի ղեկավարությամբ:
«Գիտեի, որ էստոնացի դիրիժոր Տոնու Կալյուստեն ժամանակ առաջ Տալլինում կատարել էր իմ «Ռեքվիեմը»: Այս համերգին առիթ եղավ լինել նրա փորձերին և միասին աշխատել: Կալյուստեն ոչ միայն հնչողական դրամատուրգիա կառուցելու վարպետ է, այլև կարողանում է գործի դնել թե’ նվագախմբի, թե’ երգչախմբի կարողությունները, հնչերանգները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Մանսուրյանն ու հավելեց, որ Կալյուստեի հետ համատեղ աշխատանքն իրեն մեծ բավականություն է պատճառել:
Կոմպոզիտորի խոսքով` հաջորդ օրը տեղի ունեցած համերգին հնչել են իր կամերային գործերը: «Կատարող երաժիշտներից կուզեի առանձնացնել Լիսաբոնում գործող «Դելալյան» տրիոյին, կլարնետահարուհի Էսթեր Ջորջիի ներշնչված կատարումները: Այդ օրերին մշտապես զգում էի Գյուլբենկյան հաստատության աշխատակիցների նաև Լիսաբոնում ապրող, աշխատող հայ երաժիշտների սրտակից վերաբերմունքն իմ և իմ երաժշտության նկատմամբ», - նշեց Մանսուրյանը:
Արևմտյան Հայաստանում ծնված Գալուստ Գյուլբենկյանը, որը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Պորտուգալիայում, միշտ երազել է Հայաստան գալ և իր ամբողջ կարողությունը կտակելՀայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրել է ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար, մնացել է Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակել է իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում էԵրևանի Մատենադարանին։
«Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...»,-նշել է Գյուլբենկյանը: