Վերլուծություն

Այդ դժոխային տեսիլը հանգիստ չի տալիս. Մարաղայի կոտորածի ականատեսների վկայությունները

7 րոպեի ընթերցում

Այդ դժոխային տեսիլը հանգիստ չի տալիս. Մարաղայի կոտորածի ականատեսների վկայությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1992թ. ապրիլի 10-ի լուսաբացին տևական հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ստորաբաժանումները հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա՝ իրականացնելով ցեղասպանական գործողություններ. մի քանի ժամվա ընթացքում նրանք ոչնչացրին գյուղը, մի քանի տասնյակ խաղաղ բնակչի գազանաբար սպանեցին, անդամահատեցին ու ողջ-ողջ այրեցին, մի քանի տասնյակին էլ գերեվարվեցին: Ականատեսներն ու հրաշքով ողջ մնացածները վկայում են, որ մի ամբողջ գյուղ ու մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ դարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության զոհը. նրանք դաժանորեն սպանվեցին ու մորթվեցին միայն հայ լինելու պատճառով։ Ականատեսների վկայությամբ՝ Մարաղայի կոտորածում նկատելի է եղել թուրք ազգայնականների գործոնն ու ձեռագիրը։

Մարաղայում ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարի օգնական Վլադիկ Ավագյանը պատմում է, որ ապրիլի 10-ի առավոտյան՝ ժամը 5:30, սկսվել է ուժեղ հրետակոծություն գյուղի վրա: «Կրակում էին տարբեր տեսակի հրետանային զենքերից, «Գրադ» կոչվող զենքից և ծանր հրետանուց, տանկերից… Մեր խրամատում եղած ջոկատի բոլոր անդամները կրակն ընդունեցին իրենց վրա և պաշտպանվեցին մոտավորապես մինչև ժամը 12-ը: Դրանից հետո տեսանք, որ ուժերը շատ անհավասար են, նրանց կողմից մոտավորապես 20 տանկ և զրահամեքենա էր ուզում գյուղ մտնել, մերն էլ ընդամենը մեկն էր, որով հնարավոր չէր դիմանալ: Տեխնիկայից հետո գյուղ էին մտնում ՕՄՕՆ-ականները, դրանից հետո էլ մեծ խմբերով տարբեր մեքենաներով թալանչիները: Իրենց ճանապարհին ով պատահում էր՝ ծեր, երեխա, կին, չէին խնայում ոչ ոքի: Բոլորին մորթում էին: Աչքովս տեսել եմ ամբողջը: Մորթում էին, երեխաներին տանում էին գերի: Այդքան գազանություններ ես կյանքում չեմ տեսել: Ճիշտ է՝ լսել ենք թերթերից, բայց ես առաջին անգամ եմ տեսնում մարդկանց վիզը կտրած՝ դեն գցած, առանց գլխի մարդ, աչքերը հանած, ականջը, քիթը կտրած: Այդ բոլորը կատարվել է մեր բոլորի աչքի առաջ՝ մեր գյուղում: Նրանք վերցնում էին ինչ պատահի… Ինչքան անասուն, թռչուն, ճագար է եղել՝ վերցրել են, բոլորը տարել են: Ունեցվածքը լրիվ ոչնչացրել ու տարել են: Տների 70 տոկոսը թալանելուց հետո ամբողջությամբ վառել են...»,- ասում է Վլադիկ Ավագյանը։

Վալյա Խաչիկյանի վկայությամբ՝ ապրիլի 10-ի առավոտյան՝ ժամը 6-ի մոտ, սկսվում է փոթորկալից հրետանային կրակ: «Արկերը պայթում էին յուրաքանչյուր վայրկյան: Հնարավոր չէր նկուղից գլուխը դուրս հանել: Այդպես շարունակվեց մինչև կեսօր՝ ժամը երկուսը: Այդ ժամանակ տեղեկացանք, որ ադրբեջանցիները գյուղ են մտել: Մենք դուրս եկանք նկուղից ու հարևանների բակերով փախանք դեպի Մարգուշևան: Աննկարագրելի տանջանքներով հասանք ու անցանք Մարգուշևանը: Մնացած ճանապարհն անցանք արկերի ու գնդակների պայթյունների տակ: Մարգուշևանի ու Հասանղայայի միջև տարածությունով մեկ ձգված էր բոբիկ, մերկ երեխաների, ծերերի և կանանց շարասյուն: Բոլորը լացում էին, գոռում, կանչում փնտրում էին իրենց ծնողներին, հարազատներին: Այդ դժոխային տեսիլը հանգիստ չի տալիս մինչ այսօր...»։

Վալյա Խաչիկյանը նշում է, որ, հավանաբար, իրենք վերջինն էին, ում հաջողվել է փրկվել այդ դժոխքից: «Բոլոր նրանք, որոնք մնացել էին իրենց նկուղներում ու ապաստարաններում, ադրբեջանցիների գյուղ ներխուժման մասին ոչինչ չեն իմացել, և նրանք որոնք իմացել են, բայց հիվանդ լինելու պատճառով չեն կարողացել լքել գյուղը՝ մորթվել են, այրվել կամ պատանդ են վերցվել:

Ապրիլի 10-ի կեսգիշերին հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրում են Մարաղան և ապրիլի 11-ին սկսում հավաքել մարմինները՝ հողին հանձնելու համար: Բնակչության մի մասը, որին հաջողվել էր փախչել ու պատսպարվել հարևան գյուղերում, լսելով Մարաղայի ազատագրման մասին, վերադառնում է գյուղ և կրկին ականատես լինում սահմռկեցուցիչ տեսարանի. նրանց հարազատները, ընտանիքի անդամներն ու համագյուղացիները սպանվել ու մորթվել էին ամենադաժան ու անմարդկային մեթոդներով: «Առավոտյան ժամը 11.00-ին ինչքան կոտորված կար՝ հավաքեցինք: Մեկի վիզն էր կտրած, մյուսն այրված էր ու երևում էր, որ ողջակիզել են։ Ինչե՜ր չեն արել: Մի հասակակից ընկեր ունեի, վիզը սղոցով կտրել էին. թաքնված մարդիկ են տեսել, որ ասել են՝ «դու ջրերի մեծն ես եղել, մեզ ջուր չես տվել»։ Հիտլերը լավ էր, սրանք Հիտլերից ահավոր են։ Մարդկանց ոչ թե կրակել, այլ վզերն են կտրել...»,– ասում էՎազգեն Գաբրիելյանը։

Միլետա Գաբրիելյանն էլ պատմում է, որ իր ամուսնու հորեղբոր փեսայի քիթն ու ականջները կտրել էին, տնից հանել գցել էին ճանապարհին, իսկ տեգրոջը սպանել էին՝ տանկի տակ գցելով: «Որ փախչում էինք, հիշում եմ, որ ողջ ժողովուրդը՝ դաշտով մեկ ցրված, շարք-շարք, ոնց որ 1915թ. Ցեղասպանության ֆիլմերում, որ ժողովուրդը շարքերով փախչում են: Նայում ես նկարին, նույն այն կերպ էր»:

Մարաղայի կոտորածին ականատես է եղել նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ոճրագործությունից անմիջապես հետո: «Ես երբեք չեմ մոռանա այդ հրեշավոր օրը։ Դա 1992թ. ապրիլին էր։ Այդ առավոտ ադրբեջանցիները հարձակում սկսեցին գյուղի վրա, որտեղ անմեղ քաղաքացիական բնակչություն էր ապրում։ Ադրբեջանցիները սկզբում հրետակոծեցին գյուղը, այնուհետև մտան տանկերն ու զինվորները։ Երբ մենք գնացինք, այնտեղ տեսանք բնակիչների կտրած գլուխներ։ Ես այդ ամենը տեսել եմ սեփական աչքերով. մարդանց մարմինների կտրատված մասեր՝ թափված գետնին։ Նրանք նույնիսկ կենդանի մարդկանց են վառել։ Ես տեսել եմ վառված կնոջ մարմնի մասունքներ։ Այնուհետև նրանք զբաղվել են դիակապտությամբ, որից հետո թալանել են տները և վառել։ Դա կտտանքների և դաժանությունների վայր էր՝ նման Գողգոթային»,- ասում է նա:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների իրականացրած ցեղասպանական այս գործողությունների արդյունքում, ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, Մարաղայում մնացած 118 բնակիչներից զոհվել է ավելի քան 50-ը, ևս 50-ը՝ գերեվարվել: Նրանց մի մասը հետագայում փոխանակվել է, իսկ 19 մարաղացու ճակատագիր առայսօր մնում է անհայտ:

Գոհար Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում