Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են. Գործող վարչապետն ընդդեմ նախկին զինվորականի
5 րոպեի ընթերցում
![Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են. Գործող վարչապետն ընդդեմ նախկին զինվորականի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/970547.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2018 թ. դեկտեմբերին հայտարարեց 2019թ. նոյեմբերի 19-ին նախատեսված խորհրդարանի ընտրությունները ապրիլ տեղափոխելու մասին: 21-րդ գումարման Քնեսեթի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն և դաշինք: Նրանք պետք է հաղթահարեն անցողիկ 3,25%-անոց շեմը: Ընտրություններին մասնակցելու է Իսրայելի 5,88 մլն քաղաքացի:
Ընտրությունները տեղափոխելու պատճառը
Իսրայելում խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառը քաղաքական ճգնաժամն էր, որ հրեական պետությունում հասունացել էր 2018թ. նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականից հետո: Նա դեմ էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման հետ հրադադար կնքելու կառավարության որոշմանը: Լիբերմանը դա որակեց «զիջում ահաբեկչությանը» և արտահերթ ընտրությունների կոչ արեց: Լիբերմանի հրաժարականից հետո նրա ղեկավարած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը դարձավ ընդդիմություն: Դրանից հետո «Հրեական տուն» կուսակցության առաջնորդ Նավթալի Բեննեթը հայտարարեց, որ կոալիցիայից դուրս կգա, եթե Նեթանյահուն իրեն պաշտպանության նախարար չնշանակի, սակայն վարչապետը նոյեմբերի 18-ին ստանձնեց նաև պաշտպանության նախարարի պաշտոնը:
20-րդ գումարման խորհրդարանի արձակման պատճառը Նեթանյահուի՝ ծայրահեղ ուղղափառ հրեաներին պարտադիր զինվորական ծառայության կոչելու վերաբերյալ օրինագիծն էր, որն առաջացրեց ծայրահեղ ուղղափառ հրեա պատգամավորների դժգոհությունը: Նրանք Քնեսեթում արգելափակեցին քննարկումը՝ սպառնալով դուրս գալ կոալիցիայից: Նեթանյահուն հույս ուներ, որ կստանար 61 պատգամավորի աջակցությունը, որոնց ձայնը բավարար էր օրենքն ընդունելու համար, սակայն դա տեղի չունեցավ:
Գլխավոր ֆավորիտները
Կանխատեսումների համաձայն՝ ընտրություններում գլխավոր ֆավորիտը «Կահոլ-Լավան» («Կապույտ-Սպիտակ») դաշինքն է՝ Իսրայելի պաշտպանական բանակի ԳՇ նախկին պետ Բենի Գանցի և Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդի գլխավորությամբ: 2019թ. ընտրությունների նախաշեմին ձևավորված դաշինքի մեջ մտնում են «Խոսեն լե Իսրայել» («Իսրայելի կայունություն»), «Յեշ Ատիդ» («Կա ապագա») և պաշտպանության նախկին նախարար Մոշե Յաալոնի «Տելեմ» («Ազգային պետական շարժում») կուսակցությունները: Եթե այս դաշինքը հաղթի ընտրություններում, ապա մինչև 2021թ. վարչապետ կլինի Գանցը, ԱԳ նախարար՝ Լապիդը(վերջին 2 տարում նրանց միջև տեղի է ունենալու ռոտացիոն փոփոխություն), իսկ պաշտպանության նախարար՝ Յաալոնը: «Լիքուդի» հաղթանակի դեպքում Նեթանյահուն կլինի Իսրայելի պատմության մեջ ամենաերկար կառավարած վարչապետը: Իսրայելի կառավարությունը Բենիամին Նեթանյահուն ղեկավարում է 2009թ.-ից:
Հիմնական մրցակցությունը «Լիքուդ» և «Կահոլ-Լավան» ուժերի միջև է: Նախընտրական քարոզարշավը սկսվեց զուսպ լարվածությամբ՝ հետագայում վերաճելով փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների: Գանցն ու Նեթանյահուն ընտրողներից չեն թաքցրել նույնիսկ փոխադարձ բացասական վերաբերմունքը միմյանց նկատմամբ, գործը հասել էր նույնիսկ դատական գործընթացներ սկսելուն:
Քաղաքական ուժերի մոտեցումները անվտանգության ոլորտում
Իրանի, Գոլանի բարձունքների և Երուսաղեմի հարցի շուրջ իսրայելական քաղաքական ուժերը միաձայն են. հարկավոր է հակազդել Իսլամական հանրապետությանը, Գոլանի բարձունքներն Իսրայելի անքակտելի մասն են, իսկ Երուսաղեմը միակ մայրաքաղաքն է: «Կահոլ-Լավանը» քաղաքականության և անվտանգության ոլորտում առաջարկում է տարածաշրջանային ձևաչափ կազմավորել արաբական պետությունների հետ, որպեսզի «հեռացնի նրանց պաղեստինցիներից՝ միաժամանակ առանց փոխզիջման աջակցելով պետության անվտանգության շահերը և ՑԱՀԱԼ-ի ազատ գործողությունները»:
Նեթանյահուն հաղթելու դեպքում խոստացել է Իսրայելի ինքնիշխանությունը տարածել այն տարածքներոմ, որտեղ իսրայելական բնակավայրեր կան, որոնք, սակայն, անօրինական են համարվում:
Կանխատեսումներ
Ըստ տարբեր կազմակերպությունների անցկացրած վերջին սոցհարցումների՝ առաջատար է «Կահոլ-Լավան» (Կապույտ-սպիտակ) դաշինքը: Շատ չնչին տոկոսով զիջում է Նեթանյահուի կուսակցությունը: Երրորդ տեղը ավանդաբար զբաղեցնում է «Ավոդա» կուսակցությունը: Ըստ Friedrich Ebert Stiftung և Abraham Initiatives հիմնադրամների հարցումների՝ Իսրայելի արաբ բնակչության ընդամենը 51%-ն մասնակցելու ընտրություններին:
Արմինե Բեյբության