Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանի ռազմավարության ձախողումը. ամփոփելով ապրիլյան մարտերի արդյունքները

7 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ռազմավարության ձախողումը. ամփոփելով ապրիլյան մարտերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ձեռնարկեց հարձակողական գործողություններ` կիրառելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ադրբեջանը նպատակ ուներ «կայծակնային հարձակողական գործողությունների» միջոցով լուծել ռազմավարական խնդիրներ: Չնայած Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով Ադրբեջանի բանակին հաջողվեց գրավել մի քանի մարտական դիրք, սակայն այն չկարողացավ կատարել իր առջև դրված ռազմավարական խնդիրը: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի միջև ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածություն, սակայն դրանից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակեց խախտել հրադադարի պայմանավորվածությունը: Մասնավորապես ապրիլի 14-ին Ադրբեջանի զինուժը ձեռնարկեց դիվերսիայի փորձ, ապրիլի վերջին այդ երկրի զինուժը հրետակոծեց հայկական դիրքերը և Արցախի որոշ բնակավայրեր:

***

Արցախի ՊՆ կայքը 2016թ. ապրիլի 2-ին՝ ժամը 8:18-ին, հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանի բանակը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի և նշանակության զենքերից գնդակոծեց և հրետակոծեց ոչ միայն Արցախի ՊԲ զորամասերը, դիրքերը, ռազմական նշանակության օբյեկտները, այլև բնակավայրերը: Հատկանշական է, որ հենց մարտական գործողությունների առաջին օրը Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ՝ Ներքին Ճարտարում, հրետակոծության արդյունքում զոհվեց Մարտունու շրջանի Հերհեր գյուղից (39°42'13.51, 46°57'48.73) 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը:

Ադրբեջանի ԶՈւ-ն, հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հարձակվելով, ըստ էության, փորձում էր շեղել հայկական ուժերին՝ կարծելով, որ կենտրոնական շրջաններից Արցախի ՊԲ ուժերը կտեղափոխվեն հյուսիս և հարավ՝ դրանով իսկ թուլացնելով կենտրոնական ուղղությունների պաշտպանունակությունը: Իսկ հավանական ծրագրի հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը, համալրվելով ավելի մեծ ուժերով, սրընթաց կշարժվեին Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:

Նույն օրը՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի և ՊՆ Զ. Հասանովի գլխավորությամբ անցկացվել է նախագահին կից անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Զ. Հասանովը, զեկուցելով իրավիճակը, մասնավորապես նշել է. «…. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական խմբերը երեք ուղղությամբ պլանավորված միջոցառումներ են իրականացրել: Օպերատիվ իրավիճակը հաշվի առնելով՝ մարտական գործողություններով գրավել են Թալիշ և Սեյսուլան գյուղերը և Հորադիզի ուղղությամբ գտնվող բարձունքները»: Զեկույցի ընթացքում հաստատելով Ադրբեջանի ԶՈւ-ի նախահարձակ գործողություններ սկսելու փաստը՝ Զ. Հասանովը սխալ զեկույց է ներկայացրել՝ նշելով, որ Թալիշ և Սեյսուլան գյուղերը գրավված են: Նույն տեղեկությունը օրվա երկրորդ կեսին տարածել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով Նոր Սեյսուլանի լուսանկար: Ճիշտ է՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերին հաջողվել է թափանցել Թալիշ գյուղ, սակայն գյուղը գրավել և այնտեղ ամրանալ չի հաջողվել: Ավելին՝ հայկական ստորաբաժանումներին հաջողվել է Թալիշի ուղղությամբ ճնշել հակառակորդին, մեծ կորուստներ պատճառել և գյուղի մոտակայքում կորցրած դիրքերի մի մասի վրա հսկողություն սահմանել: Ինչ վերաբերում է Մարտակերտի ուղղությամբ Սեյսուլանին (40°14'46.07, 46°59'3.38), ապա այն լքված տարածք է, իսկ Նոր Սեյսուլանը (40° 2'5.59, 46°45'23.86), որը հայկական բնակելի գյուղ է, գտնվում է հայկական մարտական դիրքերի թիկունքում և հեռու է առաջնագծից: Հայկական կողմի հրապարակած տեսանյութում, Սեյսուլանի ուղղությամբ ցուցադրվում են մեծ թվով ադրբեջանցի զինծառայողների դիակներ, որոնք սպանվել էին գրոհի ժամանակ: Այսպիսով, ապրիլի 2-ի երկրորդ կեսին, երբ նշված տեղեկությունը տարածվում էր, ո՛չ Թալիշը, ո՛չ Սեյսուլանը ադրբեջանական ուժերը չէին վերահսկում: Սա ևս խոսում է այն մասին, որ գործողությունների նման ընթացքը, ինչպես նաև «տեղեկատվական ապահովումը» նախապես ծրագրված էին:

Հարավային ուղղությամբ, ադրբեջանական բանակին հաջողվել է գրավել որոշ մարտական դիրքեր և Վարազաթումբ բարձունքը («Լելե Թեփե», «Լալալայկա», «Լալա Իլահի»), սակայն առնվազն գումարտակի խորությամբ խորանալու փորձերը ձախողվել են:

Այսպիսով, մարտական գործողությունների առաջին օրը ադրբեջանական բանակը չկարողանալով կատարել խնդիրը՝ ճեղքումով խորանալ և շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ: Դրա մասին է խոսում նաև ապրիլի 3-ին «մարդասիրական նկատառումներից ելնելով» և «անսալով միջազգային հանրության հորդորներին, կոչերին» «գործողությունները միակողմանի դադարեցնելու» մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը: Սակայն, սա իրականում վերախմբավորման և նոր հարձակման անցնելու նպատակով իրականացված քարոզչական գործողություն էր, ինչի մասին վկայում են Արցախի ՊԲ հրետանու պետ գնդապետ Գենադի Բաղդասարյանի խոսքերը: Ապրիլի 4-ին Ադրբեջանի բանակը, կիրառելով ՏՕՍ-1 տիպի ծանր հրանետային համակարգեր, ԲՄ-21 «Գռադ» ՀԿՌՀ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ և տարբեր նշանակության զինատեսակներ, նախնական պլանի անհաջողությունից հետո փորձել է հրետակոծության հետևանքով հայկական զորքերի շրջանում մեծ վնասներ առաջացնել և կատարել խնդիրը: Սակայն, այս անգամ ևս անհաջողության է մատնվել: Հայկական ստորաբաժանումների ճշգրիտ հարվածների հետևանքով խափանվել է հակառակորդի բանակի՝ կենտրոնական ուղղություններով հարձակմամբ հայկական պաշտպանական գծերի ճեղքումով Ստեփանակերտի ուղղությամբ շարժվելու փորձը: Ադրբեջանի բանակը, կրելով մարդկային և տեխնիկայի մեծ կորուստներ, հրաժարվել է հետագա մարտական գործողություններից, և Ռուսաստանի միջնորդությամբ 5-ին՝ ժամը 12:00, ձեռք է բերվել կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն:

Արամ Կոստանյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում