Տնտեսություն

Հայաստանում բոլոր գազավորված ըմպելիքները կհարկեն ակցիզային հարկով. զուգահեռաբար կլուծվի առողջապահական խնդիր

2 րոպեի ընթերցում

 Հայաստանում բոլոր գազավորված ըմպելիքները կհարկեն ակցիզային հարկով. զուգահեռաբար կլուծվի առողջապահական խնդիր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բոլոր գազավորված ըմպելիքները կհարկվեն ակցիզային հարկով: Լրացուցիչ եկամուտների հավաքագրմամբ որոշակիորեն կլուծվի բյուջեի կորստի խնդիրը, որն առաջանալու է եկամտահարկի նվազեցման և այլ բարեփոխումների արդյունքում: Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկումը կլուծի նաև առողջապահական խնդիր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծում կատարված վերանայումների մասին խոսեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նախագծի սկզբնական տարբերակով առաջարկվում էր հարյուր գրամ ծավալում 5 և ավելի գրամ շաքար պարունակող խմիչքները հարկել ակցիզային հարկով: «Արմենպրես»-ը հետաքրքրվեց՝ փոփոխությունը, բացի բյուջեի կորուստը լրացնելուց, նաև առողջապահական որոշակի նպատակ հետապնդո՞ւմ է:

«Սկզբնապես մեր առաջարկն այդպիսին էր, հետո այն վերանայվեց: Հիմա լրամշակված նախագծով առաջարկվում է ակցիզային հարկով հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ շաքարայնության հիման վրա հարկային վարչարարություն իրականացնելը կարող է ուղեկցվել որոշակի բարդություններով այն առումով, որ ըմպելիքների պիտակների վրա հազվադեպ է մակնշվում շաքարի պարունակությունը, իսկ գազավորված լինելն ավելի տեսանելի, ավելի վերահսկելի հատկանիշ է և կարելի է ավելի արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնել»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց՝ նման փոփոխության նպատակը մի կողմից լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելն է, իսկ մյուս կողմից այն նաև կսահմանափակի վնասակար սպառումը: Փոխնախարարը նկատեց՝ թե գազավորված ըմպելիքները, թե բարձր շաքարայնությամբ ըմպելիքներն առողջապահական տեսանկյունից խնդրահարույց են:

Այս դրույթը կազմելիս ՀՀ ֆինանսների նախարարությունը նաև մանրամասն քննարկումներ է անցկացրել Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում