Քաղաքականություն

ՀՀ-ում իրանական կապիտալի մասնակցությամբ գործում է 5 հազարից ավելի ընկերություն. Իրանը ՀՀ-ի արտաքին գործընկերների առաջին հնգյակում է

12 րոպեի ընթերցում

ՀՀ-ում իրանական կապիտալի մասնակցությամբ գործում է 5 հազարից ավելի ընկերություն. Իրանը ՀՀ-ի արտաքին գործընկերների առաջին հնգյակում է

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են անկախության առաջին իսկ օրերից, երբ 1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: 1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների եւ նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: 1992թ. ապրիլին Երեւանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Այս ընթացքում երկու երկրների միջև տարբեր մակարդակներով մոտ երեք տասնյակ փոխադարձ այցելություններ են կատարվել: Նախագահի մակարդակով վերջին այցելությունը Իրանից եղել է 2016թ. դեկտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: 2017թ. օգոստոսին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր այցելել Իրան: 1992-2018թթ. ընթացքում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև կնքվել է ավելի քան 180 փաստաթուղթ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպում էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել էին հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել էին տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել էր, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին անդրադարձել էին տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել էր Իրան և համոզմունք հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:Փաշինյանի այցը Իրան կմեկնարկի փետրվարի 27-ին:

Իրականացված ծրագրեր

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները իրականացրել են մի շարք ծրագրեր տարբեր ուղղություններով: Դրանք են՝ 1996 թվականին Արաքս գետի վրա Իրանը Հայաստանին կապող կամուրջի կառուցումը, 2005 թվականին՝ Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները, 2007 թվականին հոկտեմբերին՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ճանապարհը: 2007թվականին տեղի ունեցավ Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի բացումը: 2008թ. նոյեմբերին ավարտվեց գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը:

Էներգետիկ համագործակցության իրականացված ծրագրերից են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը: 2016թ. իրականացվեց Իրանի հետ սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման ծրագիրը:

Չնայած Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին, այնուամենայնիվ կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ, ինչպիսիք են` Հայաստան մտնող իրանական գազի ծավալների մեծացում, հյուսիս-հարավ (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի միավորում, ՀՀ-ում հողմային էլեկտրակայանների կառուցում (50 մեգավատ ընդհանուր հզորությամբ), ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հաստատում և այլն:

Ընթացիկ ծրագրեր

Ներկայում իրականացվում է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը: Քննարկվում է ծրագրի ընդլայնման հարցը: Ընթացքի մեջ է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը: Այս ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները: Ընթացքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու, Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի փոխանակում ծրագրերը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցում և այլն:

Տնտեսական ցուցանիշներ

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաեւ միջմարզային գործակցության ոլորտում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Արմենպրես»-ին փոխանցած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գրանցված է իրանական կապիտալի մասնակցությամբ 5 հազար 301 ընկերություն, գլխավորապես` անհատ ձեռնարկատերեր, ինչը կազմում է ՀՀ-ում գրանցված օտարերկրյա ընկերությունների (այդ թվում` ԱՁ) ընդհանուր քանակի 36.6 տոկոսը: Հայաստանում իրանական կապիտալով խոշոր ընկերությունները ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակող արդյունաբերության, շինարարության և անշարժ գույքի, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

Առևտրաշրջանառություն

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2018 թվականին կազմել է 363.62 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 40.5 տոկոսով, 2017 թվականին կազմել է 258.8 մլն.ԱՄՆ դոլար: 2018 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն կազմել է 94.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 12 տոկոսով, 2017 թվականին կազմել է 84.1 մլն.ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2018 թվականին կազմել է 269.42 մլն ԱՄՆ դոլար,ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով, 2017 թվականին կազմել է 174.7 մլն.ԱՄՆ դոլար:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության վերջին 3 տարիների դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին 2 տարիներին առևտրաշրջանառության աճ է գրանցվել:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հիմնական գործընկերների ցանկում 2017 թվականին զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ 2018 թվականին՝ 5-րդ:

Հարկ է նշել, որ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ ապահոված ապրանքներն են՝ էլեկտրաէներգիա, քուղեր` ճայթեցնող, ինֆուզորային հողեր:

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ ապահոված ապրանքներն են՝բնական և հեղուկ գազ, էթիլենի պոլիմերներ, կոքս, բիտում և նավթամթերքի վերամշակումից այլ մնացորդ, երեսպատման սալիկներ, ցեմենտ:

Զբոսաշրջություն

Վերջին տարիներին ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: 2014 թվականից սկսած, 2017 թվականն էլ ներառյալ Իրանից Հայաստան այցելությունները դինամիկ կերպով աճել են: 2014 թվականին Իրանից Հայաստան եղել է 116 հազար 324 այցելու, 2015 թվականին՝ 144 հազար 160, 2016 թվականին՝ 188 հազար 851, 2017 թվականին՝ 220 հազար 147: Արդեն 2018 թվականին նվազում է գրանցվել, այցելուների թիվը կազմել է 160 հազար 645: Զբոսաշրջության կոմիտեից փոխանցում են, որ թվի նվազումը կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ:

Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է և ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտ ամսից ապրիլ ամսվա փոխարեն, հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջիններս մարտ ամսին տոնում են իրենց ամանորը (Նովրուզը) և նախընտրում են այն անցկացնել Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության շրջանակում 2016թ. հունիսի 5-ին ստորագրվել է «ՀՀ և ԻԻՀ Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիր»-ը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 2016թ. հունիսի 17-ին: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառումներն ուղղված են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը, երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը և ՀՀ և ԻԻՀ տարածաշրջանային զբոսաշրջային միասնական արդյունքի ձևավորման և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանը: Մասնավորապես, իրականացվել է հայկական և իրանական զբոսաշրջային օպերատորների և մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցի կազմակերպում, ինչը բխում է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի արձանագրությունից:

Աննա Գզիրյան

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում