Հասարակական

Կրակոցներ Էրեբունիում. ոստիկանները պարզել են դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը

2 րոպեի ընթերցում

Կրակոցներ Էրեբունիում. ոստիկանները պարզել են դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 24-ին, ժամը 21.45-ին հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ հիվանդը տեղափոխվել է Այվազովսկու փողոցից:

Նույն օրը, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ևս մեկ հաղորդում է ստացվել՝ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 26-ամյա երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Այվազովսկու փողոցում:

Նույն օրը, ժամը 22.15-ին, հիվանդանոցից երրորդ հաղորդումն է ստացվել՝ «աջ ազդրի հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ ավտոմեքենան վարելու ժամանակ Էրեբունու տարածքում զգացել է ոտքի ցավ և լսել ուժեղ ձայն:

Նույն օրը Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, իսկ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/1 հասցեում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

Ոստիկանության ծառայողները ճշտել են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ, ճշտվել է դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը, սակայն քննության շահերից ելնելով հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում