Սփյուռք

Դանիայի ավագ դպրոցներից մեկում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված դասընթաց

3 րոպեի ընթերցում

Դանիայի ավագ դպրոցներից մեկում  անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Հելսինգե համայնքի ավագ դպրոցի 90 աշակերտների համար անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ դասընթաց, որը նախաձեռնել է դպրոցի ուսուցիչ Մարտին Թորբյորն Կնուդսենը (Martin Thorbjørn Knudsen)՝ Դանիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դասընթացի մեկնարկին Մարտին Կնուդսենն աշակերտներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը` մասնավորապես խոսեց երիտթուրքերի կողմից հայերի ծրագրային ոչնչացման դրդապատճառների ու ցեղասպանության հետևանքների մասին: Կնուդսենն անդրադարձել է նաև Թուրքիայի իշխանությունների` Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման քաղաքականությանը և ցեղասպանությունների գիտակցման ու ընդունման կարևորությանը` որպես ապագա սերունդների երկխոսության ու համերաշխության երաշխիք:

Դասընթացին, որպես հիմնական դասախոսներ էին հրավիրվել դանիացի պատմաբան և համեմատական ցեղասպանագիտության մասնագետ Մաթիաս Բյորնլունդը (Matthias Bjørnlund) և Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Մաթիաս Բյորնլունդը «Հայոց ցեղասպանություն. սկզբից մինչ և վերջ» գրքի հեղինակն է, որը տպագրվել է դանիերեն լեզվով 2013 թվականին և լայն արձագանքի է արժանացել Դանիայի հասարակական, քաղաքական և գիտական շրջանակներում:

Մաթիաս Բյորնլունդի դասախոսությունը նվիրված է եղել 19-20-րդ դարերի հայոց պատմությանը, նախկինում հայերով բնակեցված տարածքների նկարագրությանը և հայաթափման ողբերգալի իրադարձություններին: Նա հանգամանալից ներկայացրել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի և հարցի առնչությամբ եվրոպական երկրների դիրքորոշման մասին, ինչպես նաև անդրադարձել էՀայոց ցեղասպանության հետ կապված սկանդինավյան արձագանքին ու հազարավոր հայ երեխաների կյանք փրկած դանիացի միսիոներներ Կարեն Յեպպեի (Karen Jeppe) ու Մարիա Յակոբսենի (Maria Jacobsen) մարդասիրական գործունեությանը:

Դեսպան Արզումանյանի դասախոսության առանցքը ցեղասպանության հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված միասնական պայքարի կարևորությունը ներկայացնելն է եղել: Այդ համատեքստում դեսպանն առանձնացրել է 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու շարունակական ջանքերը: Նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում անցկացվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որն արդեն իսկ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման ու այդ հանցագործության դեմ միասնական պայքարի կարևոր հարթակ է դարձել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում