Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ղեկավարների նոր կազմ ունի

4 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ղեկավարների նոր կազմ ունի

ԵՐԵՎԱՆ,18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:15 տարվա պատմություն ունեցող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը հայկական կինոարվեստը ճանաչելի է դարձրել աշխարհում, իսկ աշխարհի լավագույն ֆիլմերը ներկայացրել Հայաստանում, ղեկավարների նոր կազմ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ փառատոնի տնօրեն է նշանակվել Հասմիկ Հարությունյանը, ծրագրերի ղեկավարի պարտականությունները ստանձնել է Կարեն Ավետիսյանը, հյուրերի բաժինը կղեկավարի Վարվառա Հովհաննիսյանը:

Փառատոնի զարգացման գործում մեծ դերակատարություն կունենան նաև Արթուր Վարդիկյանը, Դիանա Մարտիրոսյանը, Սոնա Կարապողոսյանը և այլք:

«Հիմնադրեցինք և 15 տարի ղեկավարեցինք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը`լինելով դրա երեք տնօրենները: Կազմակերպիչ և հիմնադիր տնօրենը ես էի, Միքայել Ստամբոլցյանը ծրագրերի ղեկավար-տնօրենն էր, իսկ Սուսաննա Հարությունյանը` գեղարվեստական ղեկավար-տնօրենը: Մեր աշխատանքի արդյունքում փառատոնը մեծ ճանաչում գտավ: Եթե սկզբում ունեինք 2000-3000 հանդիսատես, ապա վերջին տարիներին նրանց թիվը հասավ 40 000-50 000-ի: Փառատոնը Հայաստան է բերել հայտնի հյուրերի, հետաքրքիր ծրագրեր է իրականացրել, բայց ժամանակն է վերանայել աշխատելաոճը, վերաբերմունքը և ծրագրերը, քանի որ աշխարհը փոխվում է, և փառատոնները գնում են դեպի նոր մտածողություն: Ուստի մեր տեղը երիտասարդներին զիջելը ճիշտ, առողջ և սթափ որոշում է»,-շեշտեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ հիանալի կազմ է ընտրվել, մարդիկ, որոնք աշխատել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, շատ լավ ճանաչում են այն, գիտեն համաշխարհային կինոարվեստը և լուրջ կրթություն են ստացել:

Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ Միքայել Ստամբոլցյանը կլինի «Ոսկե ծիրան»-ի գլխավոր խորհրդատուն, Սուսաննա Հարությունյանը կղեկավարի հատուկ միջազգային ծրագրերը:

«Այժմ մենք զբաղվում ենք Հայաստան-Վրաստան կինոծրագրերով, աշխատելու ենք համագործակցել միջազգային մասնագետների հետ ու մշակել կինոյի մասին օրենք: Այն մեկ տարվա ընթացքում կներկայացնենք ՀՀ մշակույթի նախարարություն ու ՀՀ կառավարություն»,-եզրափակեց Խաչատրյանը:

Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ աշխատանքը շատ է, և իրենք միայն խորհուրդներ տալով չէ, որ պետք է աջակցեն փառատոնի ղեկավարների նոր կազմին: «Անհրաժեշտ է կողք կողքի աշխատել: Հաջողություն ենք մաղթում խելացի, բանիմաց երիտասարդներին»,-ասաց նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին: Փառատոնի ակունքներում են կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Փառատոնն անվանվեց այդպես, քանի որ ծիրանը խորհրդանշում է Հայաստանը և նրանից անբաժան է:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների կինոարտադրողների միջև երկխոսությանը խթանելն է: Այն նաև արտացոլում է Հայաստանի պատմությունը. երկիր, որ հազարամյակների ընթացքում թեժ կետ է եղել է մրցակից աշխարհաքաղաքական ուժերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում