Տնտեսություն

Ըստ ՊԵԿ նախագահի՝ որքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրություններն, այնքան հասկանալի կլինի իրավիճակը ներդրողների համար

2 րոպեի ընթերցում

Ըստ ՊԵԿ նախագահի՝ որքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրություններն, այնքան հասկանալի կլինի իրավիճակը ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սեպտեմբերի վերջի դրությամբ տարբեր ընկերությունների կողմից 26-28 հազար աշխատանքի ընդունման հայտ է ստացել. այսինքն՝ այդքան աշխատակիցներ աշխատանքի են ընդունվել տարբեր ձեռնարկություններում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս գործընթացը պայմանավորված է եղել զարթոնքային իրավիճակով, բայց նաև շեշտում եմ, որ տնտեսական քաղաքականության ուրվագծված տեսլական կառավարությունը դեռևս հանրությանը չի ներկայացրել՝ հայտնի հանգամանքներից ելնելով: Հարկային օրենսդրության փոփոխությունների հետ կապված հստակ նախագիծը դեռ հանրությանը վերջնական չի ներկայացվել: Այս պարագայում տնտեսությունը կանգառ է վերցրել: Եթե մենք առաջիկայում այդ տեսլականը, մեր մտադրությունները փաստաթղթի տեսքով չներկայացնենք հանրությանը, ես նույնիսկ կասկած ունեմ, որ տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլև ռեգրեսի կգնա: Անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությունը ոչ թե խթանում է, այլ հետ է տանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ վարչապետի հետ խոսել է այս թեմայով: Դավիթ Անանյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները խիստ անհրաժեշտություն են:

«Արտահերթ ընտրությունները, որքան շուտ լինեն, այնքան ներդրողների համար իրավիճակը կլինի հասկանալի, և տնտեսությունը կսկսի շնչել»,-հավելեց Դավիթ Անանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում