Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նոր ցուցահանդեսներ են բացվել Հայաստանի որոշ թանգարաններում

4 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նոր ցուցահանդեսներ են բացվել Հայաստանի որոշ թանգարաններում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում իրականացվող մշակութային միջոցառումներից անմասն չեն մնացել նաև Հայաստանի թանգարանները: Մի շարք թանգարանների վահանակներ թարգմանվել են ֆրանսերեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:Ընդգրկված են ստեղծագործություններ, որոնք հեղինակը ստեղծել է 1926-1928 թվականներին Ֆրանսիայում: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը, որն այրված էր համարվում։ Սարյանն այն համարել է իր «ուժեղ գործերից» մեկը:

«Ներառվել է տասը ստեղծագործություն Սարյանի փարիզյան շրջանից, նույն ժամանակահատվածում ծնված քսան գրաֆիկական աշխատանք: Արվեստասերները հնարավորություն ունեն տեսնել Սարյանի անձնական իրերը, 3D ակնոցի միջոցով ծանոթանալ նրա այն կտավների սև ու սպիտակ տարբերակով լուսանկարներին, որոնք, ավաղ, այրվել են»,-նշեցթանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և Հայաստանի ազգային գրադարանում պահվող հայ-ֆրանսիական հարաբերությունները ներկայացնող արխիվային բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր և գրքերը ներկայացված են «Գիրք և գինի» ցուցահանդեսում: Միջոցառումն անցկացվում է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ճեմասրահում: «Մենք մոտավորապես քառասուն ցուցանմուշ ենք ներկայացրել, որոնք հայ-ֆրանսիական մշակութային կապերն են ընդգծում: Կան Անատոլ Ֆրանսի, Պոլ Էլուարի և այլոց արժեքավոր ձեռագրերը, ներկայացրել ենք 1800-ական թվականներին գրված ֆրանսիական գրքերի հայերեն թարգմանություններ»,-մեզ հետ զրույցում պատմեց թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը:

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ֆրանկոֆոնիան և հայ արվեստագետները» խորագրով ցուցահանդեսը: Արվեստագետները` գեղանկարիչներ, քանդակագործներ, լուսանկարիչներ, ներկայացրել են գործեր, որոնք ուղղված են հայ-ֆրանսիական մշակույթի հանրահռչակմանը: Նրանք այն արվեստագետներն են, որոնք 2009 թվականից սկսած մասնակցել են Ֆրանկոֆոնիային և հաջողություններ են գրանցել: Ցուցադրված են Արարատ Մինասյանի, Աշոտ Գրիգորյանի, Հայկ Թորոսյանի և այլ արվեստագետների 20-ից ավելի աշխատանքներ:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում