ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի մշակութային միջոցառումների շրջանակում «Մխիթարյան քույրեր և ընկերներ» երաժշտախմբի մենահամերգը բացվեց Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ» հանրահայտ ստեղծագործության կատարմամբ: Համերգին աշխարհի տարբեր կետերից Հայաստան ժամանած արվեստասերները ծանոթացան հայկական ժողովրդական, աշուղական, կոմիտասյան բարձրակարգ գործերի, ունկնդրեցին համաշխարհային ջազային երաժշտություն՝ մշակված հայկական ազգային գործիքների համար:
Համերգն անցկացվեց հոկտեմբերի 9-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«Խումբը ձևավորվել է երկու տարի առաջ, սակայն մեկ տարի է, ինչ սկսել ենք ակտիվ գործունեություն ծավալել: Այս համերգային ծրագիրը, թերևս, առաջին խոշոր նախագիծն է, և մենք այն նվիրում ենք մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Անահիտ Մխիթարյանը, ով հարվածային գործիքներ է նվագում:
Դուդուկի, շվիի վարպետ Աննա Մխիթարյանն ասաց, որ հետաքրքիր մշակումներ են իրականացրել: «Հնչեցնելու ենք նաև կոմիտասյան գործեր: Պետք է շեշտեմ, որ, մշակումներ անելով, մաքրամաքուր երաժշտությանը չենք դիպչել, պահպանել ենք այն յուրահատուկ գործիքավորմամբ»,- նշեց նա:
Քույրերը պատմեցին, որ դեռ ձայնասկավառակ չունեն, բայց հասցրել են տեսահոլովակ նկարահանել, հետագայում իրենց արվեստի սիրահարներին անակնկալներ անպայման կմատուցեն:
Նրանց խոսքով՝ հաճելի է տեսահոլովակներ, սկավառակներ ունենալը, բայց, երբ կա մի խումբ, որի նպատակը մաքրամաքուր երաժշտությունը հանրությանը մատուցելն է, ամենակարևորը համերգային ծրագրերն են դառնում:
Համերգն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: