Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանը հյուրընկալում է ֆրանսիացի գրողների ու քաղաքագետների

2 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանը հյուրընկալում է ֆրանսիացի գրողների ու քաղաքագետների

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայից Հայաստան ժամանած գրողներն ու քաղաքագետներն իրենց մտահոգություններն արտահայտեցին աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ` հոկտեմբերի 9-ին հյուրընկալվելով Հայաստանի ազգային գրադարանում:

«Ներկայացնելու եմ «Աշխարհիկության խորհրդավորությունը» գիրքը, որում խոսում եմ այն մասին, թե ինչպես է կրոնական գաղափարախոսությունը կամաց-կամաց վերածվում աշխարհաքաղաքական մտածողության: Հստակ կպատմեմ այն մասին, թե ինչպես են այդ գաղափարախոսության մաս դառնում Ամերիկան, Անգլիան և այլ երկրներ: Գիրքը թարգմանվել է մի քանի լեզվով, և դրա մասին հոդվածներ են գրվել տարբեր երկրներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց չորս գրքի հեղինակ Յուսեֆ Հինդին:

Քաղաքագետ, դասախոս Էմանուել Լըրուան ասաց, որ ընկերների հետ է եկել Հայաստան: «Արդեն ութերորդ օրն է, որ այստեղ եմ: Հայաստանը շատ փոքր երկիր է, բայց մարդիկ մեծ ժողովդի ներկայացուցիչներ են: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ մեծ ժողովուրդ եք, քանի որ հազարամյա պատմության կրողներ եք և հնդեվրոպական երկրների ակունքն եք»,- ընդգծեց նա:

Լըրուան հավելեց, որ չափազանց կարևոր է նաև այն փաստը, որ հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: «Ես մեծ հաճույքով եմ եկել այս հնադարյա երկիր, որպեսզի այն ճանաչեմ և իմ հնարավորությունների չափով աջակցեմ պահպանել ձեր մշակույթը»,- եզրափակեց քաղաքագետը:

Հանդիպումն անցկացվեց Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և «Սիժեստ» հրատարակչության հրավերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում