Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստում քննարկվել են Երևանի հռչակագրի և Գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծեր

2 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստում քննարկվել են Երևանի հռչակագրի և Գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հոկտեմբերի 7-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Մշտական խորհրդի նիստը բացել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով ներկայացրել է գագաթաժողովին ընդառաջ քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները, կազմակերպության առաջնահերթությունների, Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական հարթակներում գործունեությունը: Ելույթ է ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Կրաբալը:

Ողջունելով Մշտական խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր ելույթում մեծապես կարևորել է կազմակերպության գործունեությունն՝ ուղղված ճգնաժամային իրադրություններում հայտնված երկրներին աջակցելուն և ժողովրդավարական գործընթացների խրախուսմանը:

«Հայաստանը մեծապես կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքներին, ինչպես նաև Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներին՝ այդ առնչությամբ մեծապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի երիտասարդների ցանցում իրականացված խորհրդատվությունը «Միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի» մշակման գործում»,- նշել է նա ։

Անդամ երկրների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և օրակարգին առնչվող տարբեր հարցերի: Քննարկվել են Երևանի հռչակագրի, որոշումների և գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծերը:

Կազմակերպության լիիրավ անդամների նիստում հաստատվել է 17-րդ գագաթաժողովին ուղղված՝ կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի վերաբերյալ հատուկ աշխատանքային խմբի զեկույցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում